Լրահոս

11.11.2010 14:36


Արդարադատության նախարարությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Այս գիշեր ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես է եկել իր նկատմամբ իբրև բռնություն գործադրելու վերաբերյալ հերթական ակնհայտ կեղծ հայտարարությամբ: Անհեթեթության աստիճանի «մշակված» այդ հայտարարության հանգամանքները հետևյալն են:

Գիշերվա ժամը 2.50-ին դատապարտյալն սկսում է աղմկել և հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը և նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որևէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները և, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս' հանգամանքները պարզելու, այդ թվում' բուժզննության համար: Քննության արդյունքներով որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որևէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Ն.Փաշինյանի գիշերային երազների շարքից է:

Իսկ մինչ այդ, նախապես պայմանավորված ժամին (այս պնդման համար հիմք է այն, որ այդ ժամերին որևէ զանգ ՔԿՀ-ից պարզապես չի եղել) տարբեր պաշտոնատար անձանց գիշերային զանգեր են ուղարկվում' վերը նշված սցենարի հանգամանքները պարզելու և իբր կանխիչ միջոցներ ձեռնարկելու թեմայով: Ավելին, ժամը 4.00-ին դատապարտյալին այցելում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը զրուցելով հայտարարության հեղինակի և նրա հարևան մյուս դատապարտյալների հետ, որին վերջիններս դարձյալ նույնությամբ ներկայացնում են վերոհիշյալ իրավիճակը: Այնուհետև, նույն իրավիճակին ականատես են լինեւմ նաև հասարակական դիտորդները:

Այս անլրջության շարքին դասվող հերթական նախաձեռնությունը, մեր համոզմամբ, հետապնդում է ամեն եղանակով Ն.Փաշինյանի նկատմամբ բռնության պատրանք ստեղծելու անհագ ձգտում»:

Այս խորագրի վերջին նյութերը