Լրահոս

11.01.2010 15:08


Երաժիշտ. «Ամանորին եթերը լցված էր անճաշակ երաժշտությամբ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհի Լիլիթ Պիպոյանն ասել է, թե շատ դժգոհ է ամանորյա եթերից։

-Ես մի քանի անգամ անցա մեր հեռուստաալիքներով և նկատեցի, որ երաժշտական ծրագրերը չափազանց շատ են, ու ռեստորանայինը շատ-շատ էր։ Այդ անորակությունն էր այս տարի շատ։ Ես դեմ չեմ քեֆ-ուրախությանը, բայց եթերն այդքան շատ լցնել այդ կարգի երաժշտությամբ ուղղակի չի կարելի, որովհետև տեղ չի մնացել այն մարդկանց համար, ովքեր դա չեն սիրում,-ասել է նա։

Իսկ երաժիշտ Մարտին Ահարոնյանն էլ ասել է, թե այս տարվա եթերից ուղղակի հիասթափված է, և կոչ է արել օրենքով սահմանափակել եթերում նման երաժշտության հեռարձակումը։

-Վերևից ներքև խրախուսվում է ցածր մակարդակի երաժշտությունը։ Մի ժամանակ ցենզ կար, գեղխորհուրդներ էին գործում, որոնք արգելում էին այդ տեսակի երգեր հնչեցնելը։ Ռադիոհեռուստատեսությունով ավելի ճիշտ երաժշտություն էր հնչում, և խոսքը միայն դասականի մասին չէ։ Մենք բազմաժանր երաժշտություն ունենք, որն այսօր չի հնչում,-նշել է նա։

Լիլիթ Պիպոյանը մեղադրել է նաև Մշակույթի նախարարությանը, որ պետական աջակցություն չի հատկացնում որակյալ կադրերին։

-Երաժշտությամբ վաստակելու համար կա՛մ պետք է կցված լինես որևէ դոմինանտ քաղաքական ուժի, կա՛մ որևէ հովանավոր ունենաս,-ասել է նա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը