Խմբագրական

11.01.2011 00:19


2010-ի ամփոփումն ըստ իշխանությունների

2010-ի ամփոփումն ըստ իշխանությունների

Յուրաքանչյուր տարվա ավարտին իշխանության մաս կազմող տարբեր տրամաչափի գործիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, ասուլիս ու հարցազրույց են տալիս՝ ներկայացնելով իրենց արածն ու չարածը։ Ավելի ճիշտ՝ խոսում են միայն արածից ու այն հրամցնում որպես խոշոր ձեռքբերում։ Այս տարի էլ այդպես եղավ։ Ուշագրավն այն է, որ իրական արդյունքների մասին խոսելու բան Սերժ Սարգսյանի թիմը գրեթե չուներ, բայց միևնույն է նրանք երկարաշունչ հարցազրույցներ ու ելույթներ էին կազմակերպում, և, ենթադրաբար, իրենք իրենց ասածներին հավատում։

Երկրի արտաքին քաղաքականությունն ամփոփեց Է. Նալբանդյանը, ում խոսքերից պարզ դարձավ, որ  2010-ին հիշատակման է արժանի Հիլարի Քլինթոնի Հայաստանում գիշերելը (ՀՀ վիճակագրությունը, հավանաբար, սույն փաստը գրանցել է որպես զբոսաշրջիկների աճ) և Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հրաժարվելը։ Նալբանդյանն էլի մի քանի բաներ հիշեց ու հիշեցրեց, բայց, մեծ հաշվով, այս երկու կետերի վրա էր  նա առավել ոգևորված կանգ առնում։ Իրո՛ք, ճիշտ էր նախարարը, երբ ասում էր, թե  նայած ով է հիշողը։

Թե որքանով է լուրջ ԱՄՆ պետքարտուղարի գիշերային ներկայությունը Հայաստանում գնահատել որպես  Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության նվաճում՝ թողնենք իշխանական քարոզչամեքենայի «գլամուրային» երևակայությանը, բայց մի փոքր կանգ առնենք հայ-թուրքական գործընթացի վրա։

Փաստորեն՝ 2009-ի տարավերջին լուրջ հաջողություն էր համարվում Գյուլի Հայաստան ժամանելն ու «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն զարգացումը, թմբկահարվում էր հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, իսկ 2010-ի ավարտին արդեն կարևոր է համարվում այն, որ «ֆուտբոլային» գործընթացը Թուրքիայի ղեկավարության օգնությամբ կասեցվել է, որի արդյունքում Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները մասամբ չեզոքացվել են։ Այսինքն իշխանություններն անուղղակիորեն խոստովանում են, որ ՀՀ արտաքին քաղաքականության նախորդ տարվա գլխավոր ձեռքբերումներից համարվող հայ-թուրքական արձանագրությունների չստորագրումն ապահովել են Գյուլն ու Էրդողանը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե հարկատուներս ինչու՞ ենք պահում այս կառավարությանը։ Ինչու՞ են իշխանություններն աշխատավարձ ստանում պետբյուջեի հաշվին, եթե մեր երկրի անվտանգությունն, իրենց ագահության ու ոչ ճկուն քաղաքականության շնորհիվ, ապահովելու են Թուրքիայի ղեկավարները։ Էդ դեպքում ճիշտ չի՞ լինի արդյոք ՀՀ բյուջեից աշխատավարձ տալ Գյուլին ու Էրդողանին, ովքեր այս երկու տարվա ընթացքում ակամայից չեզոքացրեցին ՀՀ նախագահի պաշտոնը վարողի հակապետական նախաձեռնությունները։

Տեսեք. Սերժ Սարգսյանն աշխատավարձ է ստանում (չնայած դրա հույսին չէ) և դրա դիմաց Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու արձանագրություն ստորագրում Գյուլի հետ (ցեղասպանության հարցը, փաստացի, առևտրի առարկա դարձնում) և «ֆուտբոլային» գործընթացով Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ ներքաշում Թուրքիային՝ սև ամպեր կուտակելով Հայաստանի գլխին,  իսկ թուրքական ղեկավարությունն ընդհակառակը՝ կասեցնել է տալիս նույն այդ «ֆուտբոլային» թամաշան և հետ պտտեցնում Ս. Սարգսյանի նախաձեռնությունները։ Հիմա տվյալ պարագայում ո՞վ է արժանի ՀՀ բյուջեից փող ստանալուն՝ Էրդողա՞նը, թե՞ Սարգսյանը։ Պատասխանն ակնհայտ է։

Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, ապա տարին ավարտվեց վարչապետի «լավաշ» հարցազրույցների շքահանդեսով։ Տիգրան Սարգսյանին հաջողվեց անհնարինը՝ ժամերով «զրից» անել ու ոչ մի էական բան չասել, այլ խոսել վերացական գաղափարներից։ Բայց դե նրան էլ հասկանալ կարելի է. մարդն ասելիք չունի։ Ի՞նչ ասի։ Ասի որ երկու տարում կրկնապատկեցինք Հայաստանի արտաքին պարտքը,  իսկ 2011–ին նախատեսում ենք եռապատկել այն, բայց տնտեսությունը շարունակում է հետընթացը, իսկ ներգրավված վարկերը փոշիացվել են՝ զրոյական արդյունք ապահովելով տնտեսության մե՞ջ։ Ասի որ գները շարունակ աճում են, իսկ աղքատությունը ավելանում է, բայց ինքը շարունակում է զբաղեցնել գործադիրի ղեկավարի աթոռը, քանի որ օգնում է Սերժ Սարգսյանին «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործու՞մ։ Ասի որ բարեհաջող կերպով հաղթահարել է իր ու իր շրջապատի ֆինանսատնտեսական ճգնաժա՞մը։ Ասի որ ժամանակին Հայաստանի պահուստային ոսկին էժան գնով «վաճառել» է, իսկ պահուստային դոլարները 305 դրամով բարեհաջող տեղաբաշխել է «այլոց» բանկերում, ու կապիտալի նախնական կուտակման փուլը ավարտին հասցրել, և «պետության վախճանը» գաղափարը կյանքի՞ կոչել։ Բնականաբար նշված հարցերից վարչապետը չէր խոսի իր «ազատ, բայց պատասխանատու» հարցազրույցներում։ Բայց քանի որ տարին ամփոփել էր պետք՝  օգնության  հասավ «Հայկական աշխարհի» մասին դատարկաբանությունը, ինչն էլ հաճույքով անում էր կղերոկրատիայի ջատագով վարչապետը։

Ի դեպ, որպես նախորդ տարվա տնտեսական նվաճում վարչապետն առանձնացրեց Վիվասելի կողմից 4G համակարգի ներմուծումը Հայաստան։ Լավ, դա Վիվասելն է արել,  որպես մասնավոր կազմակերպություն, բայց ինքն ի՞նչ կապ ունի դրա հետ, ինքն ի՞նչ է արել որպես գործադիրի ղեկավար, ի՞նչ շոշափելի արդյունքների է հասել, որոնք իրենց մաշկի վրա կարող էին զգալ շարքային հայաստանցիները։ 

Իրականությունն այն է, որ վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում գերմենաշնորհային տնտեսություն է կառուցվում, որի բացասական դրսևորումներից էր, մասնավորապես, ձվի շուկայում տեղի ունեցածը, իսկ լայն սպառման  ապրանքների շուկայում եթե վատ է վիճակը, ապա 4G–ի մասին թմբկահարելը դառնում է քաղքենիության պես մի բան, մանավանդ որ 4G–ն մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությանը ո՛չ հասանելի է, ո՛չ էլ նրանք գիտեն, թե ինչով են այն «ուտում»։

Անշու՛շտ լավ է, որ 4G–ի է ներդրվել Հայաստանում, լավ է, որ վարչապետը ժամանակ ունի անձնական բլոգ վարելու և իր էջում «լավ, ախպոր պես» նախադասությամբ մեկնաբանություններ թողնելու, բայց դրանից զատ կան նաև ուղղակի  պարտականություններ, որոնք սահմանված են երկրի Սահմանադրությամբ, և նա, բլոգից ազատ ժամանակահատվածում, պետք է զբաղվի նաև «մանր» խնդիրներով։ Օրինակ՝ վարչապետը պետք է խոսի ի՛ր անմիջական իրավասության տակ գտնվող խնդիրներից՝ գործազրկությունից, որն ավելացել է, աղքատությունից, որն ավելացել է և գնաճից, որը երկնիշ թվերով է չափվում, ինչպես նաև Տ. Սարգսյանը պետք է անդրադառնա բիզնես միջավայրին, որը վատացել է ու հայկական կապիտալի արտահոսքին, որը մեծացել է։

Ճիշտ է, կոնկրետ գնաճի առավելագույն չափի (մինչև 5,5%) չապահովման մասով ֆորմալ պատասխանատուն Կենտրոնական բանկն է, և գործադիրը իրավական տեսանկյունից այս խնդրի համար մեղավոր չէ, բայց հաշվի առնելով, որ սպառողական ապրանքների թանկացումն առավելապես հարկաբյուջետային, այլ ոչ թե դրամավարկային գործոններով էր պայմանավորված, ուստի՝ գնաճի համար  նախևառաջ պատասխան պետք է տա վարչապետը։ 

Ամփոփենք. արտաքին քաղաքական ոլորտում այս տարվա դրական արդյունքներն, ըստ իշխանական գնահատականների, Գյուլն ու Էրդողանն են ապահովել, իսկ ներքին կյանքում՝ 4G համակարգի ներդրումը մասնավոր կազմակերպության կողմից։ Այդ դեպքում ինչո՞վ են զբաղված ՀՀԿ–ի «ճկուն» ղեկավարն ու «տիրացուն», ովքեր տնօրինում են ՀՀ բյուջետային միջոցներն ու ձգտում են սեփականաշնորհել մասնավոր բիզնեսի ֆինանսական հոսքերը։ Նրանց բան ու գործի անունն ի՞նչ է։

Եթե մեղվի պարսի աշխատանքների հետ համեմատելիս լինեինք  մեր հասարակության գործունեությունը,  ապա կարելի էր «Հայկական աշխարհի» ճարտարապետներին բոռեր անվանել, բայց տվյալ դեպքում իշխանություններին սազական են այն գնահատականները, որոնք տալիս են մեր ժողովրդի բազում ներկայացուցիչներ, բայց որոնք էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չի լինի հրապարակելը։

Միակ ձեռքբերումը, որն իշխանություններն իրենց ակտիվում կարող են գրանցել անցած տարի ևս՝ դա այն է, որ Սերժ Սարգսյանի թիմը, չնայած բոլոր ձախողումներին ու ապաշնորհ կառավարմանը, Ճագարի կամ կատվի տարում դեռ շարունակում է իշխանական ղեկն իր ձեռքում պահել, բայց խնդիրն այն է, որ այդ ձեռքբերումը բացարձակապես կապ չունի Հայաստանի ու մեր քաղաքացիների մեծամասնության շահերի հետ։ Ճիշտ հակառակը։ Հետևաբար՝ մեր հասարակության ձեռքբերումը պետք է լինի իշխանություններին զրկել իրենց միակ ձեռքբերումից ու ստեղծել տնտեսաքաղաքական նոր համակարգ։

Անդրանիկ Թևանյան  

Այս խորագրի վերջին նյութերը