Լրահոս

11.01.2010 17:11


«Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն»-ի հայտարարությունը

Թիվ  10-րդ  ը/ք-ի  ԱԺ  մեծամասնական  ընտրակարգով  լրացուցիչ   ընտրության  նախապատրաստման և անցկացման  նախնական  հայտնաբերումների  և  եզրակացությունների  մասին հայտարարություն

1.   Ներածություն

1.1. Սույն  հայտարարությունը  ներկայացվում  է  մինչև  ընտրական  գործընթացի  ավարտը, այդ  թվում, վերջնական արդյունքների  ամփոփումը  և  հնարավոր  դիմում-բողոքների  քննարկումը,

1.2. Ընտրությունը  գնահատվում  է  ելնելով  ՀՀ  օրենսդրության պահանջներից:

Վերջնական  գնահատականները  և  ամփոփիչ  եզրակացությունը  կախված  կլինեն  ընտրության մնացած  փուլերի անցկացումից:

1.3. Դիտորդական  առաքելությունը  պատրաստ  է  համագործակցել  ՀՀ  պետական մարմինների  հետ, սույն  ընտրության  բացասական հետևանքների  վերացման  ուղղությամբ:

2.   Եզրակացություններ

 2.1.  Ընտրությունը  նախապատրաստվել  և  կազմակերպվել  է ՀՀ  օրենսդրության  պահանջների  կոպիտ  խախտումներով  և, որպես  հետևանք, ընտրողների  բացարձակ մեծամասնությունը  տեղեկացված  չի  եղել  ո'չ  ընտրության  և  ո'չ  էլ  թեկնածուների մասին:

2.2. Ընտրության  անցկացումը  /քվեարկությունը/ ուղեկցվել  է  ոչ  միայն  ԸՕ  պահանջների  կոպիտ խախտումներով, այլև' անթաքույց  հանցավոր  ոտնձգություններով   քաղաքացիների  ընտրական   իրավունքի  իրականացման  դեմ:

2.3. Իրավասու  պետական  կառավարման  մարմինները, համայնքի  ղեկավարը, ԿԸՀ  կազմավորող  մարմիններն  ու  պաշտոնատար  անձինք, հիմնականում,  չեն  կատարել  օրենսդրությամբ  վերապահված  իրենց լիազորությունները  ընտրության  նախապատրաստման  և անցկացման  օրինականության  ապահովման  ուղղությամբ:

3.   Հայտնաբերումներ

 3.1.  Ընտրական  գործընթացների  վրա  էական  բացասական  ազդեցություն  է  թողել  ոչ աշխատանքային  հայտարարված  տոնական  և  նախատոնական  տասնօրյակը: Ըստ  էության   անգործության  են  մատնվել  ոչ միայն  պետական  համապատասխան  մարմիններն, այլև'  ընտրական հանձնաժողովներն, այդ  թվում, ԿԸՀ-ը:

Այդ  ընթացքում  չեն  աշխատել,  անգամ,  դատարանները, չի  գործել  նաև  Հայփոստը:

3.2. Համատարած  ձևով  դիմումներին  չեն  պատասխանել, դիմում-բողոքները  չեն  քննարկել  կամ  քննարկել  են  օրենքի  պահանջների  կոպիտ  խախտումներով, ինչպես  պետական կառավարման  իրավասու մարմիններն, այնպես  էլ  ընտրական  հանձնաժողովները:

3.3. Պետական  կառավարման մարմինները, համայնքի  ղեկավարը, փաստորեն, հրաժարվել  են նախընտրական քարոզչության  կազմակերպման  ԸՕ-ի  18-ից  23-րդ    հոդվածներով սահմանված  իրենց  լիազորությունների  կատարումից, այսինքն' ակնհայտորեն  անտեսվել  են  ԸՕ  113-րդ  և  118-րդ  հոդվածների պահանջները:

Ընտրատարածքում  բացակայել  են  քարոզչական  պաստառների  փակցման  համար   հատուկ  տեղերը: Երևանի  քաղաքապետարանում  հրաժարվել  են անգամ  պարզաբանումներ  տալ  այդ  մասին  քաղաքապետի  ընդունած   որոշման  վերաբերյալ:                                                     

3.4. Պետական  լիազոր մարմինը, կոպտորեն խախտելով  ԸՕ  13-րդ հոդվածի  8-րդ կետի  պահանջները, ընտրողներին  չի  ծանուցել  քվեարկության  օրվա, տեղի  և  ժամանակի մասին: Արդյունքում, քվեարկությանը  մասնակցել  են  ընտրողների  մոտ  1/4-ը:  

3.5. ԿԸՀ-ը  լրջագույն  խոչընդոտներ  է հարուցել  դիտորդների  աշխատանքների իրականացման  ուղղությամբ: Մասնավորապես, մեր, թվով  33  դիտորդների  վկայականները  առաքել  է  փոստով  դեկտեմբերի  30-ին, համոզված  լինելով /հակառակը  դժվար  է ենթադրել/, որ  դրանք  ստանալու ենք միայն  12.01.10թ.-ին. այսինքն' քվեարկությունից  հետո:      

 

3.6. Ընտրական  ցուցակների  վարման  հարցերում  հայտնաբերվել  են  մի  շարք  խախտումներ, մասնավորապես' զինծառայողների, ոստիկանների,  ը/ք-ում  չհաշվառված  քաղաքացիների  մասնակցության  և  այլ  հարցերում: Համայնքի  ղեկավարը  չի  արձագանքել,  անգամ,  անճշտությունների  վերաբերյալ  դիմումներին:                    

3.7. Չի  ապահովվել  պատգամավորության  թեկնածուների  իրավահավասարությունը' կալանքի  տակ  պահվող   Ն.Փաշինյանը  մյուս  թեկնածուների  հետ  համեմատությամբ, գտնվել է խիստ  անհավասար  պայմաններում: 

Ընտրական հանձնաժողովների   ոչ  մի  ներկայացուցիչ  անգամ  չի  այցելել  նրան' ԸՕ  համապատասխան  պահանջների  կատարման  ապահովման  նպատակով,

3.8. Հունվարի  10-ի  քվեարկությունն  անցել է  զանգվածային  խախտումներով: Բռնություններ  են  իրականացվել  Ն.Փաշինյանի  վստահված անձանց  և  դիտորդների  նկատմամբ: Բանը  հասել է նրան, որ  վերջիններս  որոշ  տեղամասերում  ստիպված  հրաժարվել  են  քվեաթերթիկների  հաշվարկին  մասնակցելուց:

   Ըստ  դիտորդների  նախնական  գնահատականների, այդ ապօրինությունների  իրականցմանն աջակցել  են, այդ թվում, իրենց  անգործությամբ,  ընտրական  հանձնաժողովների    որոշ  անդամներ  և  ոստիկաններ:   

4.   Առաջարկություններ

4.1. Գլխավոր  դատախազությունը  և  Հատուկ  քննչական  ծառայությունը  անհապաղ  պետք  է  քննության  առնեն  կատարված  ապօրինությունները  ընտրության  նախապատրաստման  և  անցկացման  ընթացքում, որոնք  ըստ  մեր նախնական  գնահատականների  կազմակերպված  բնույթ  են  կրում:

 4.2.  ԸԸՀ-ն  ընտրության արդյունքներն  ամփոփելիս  առանձնակի  ուշադրություն  պետք է  դարձնի  և  հաշվի  առնի  նախապատրաստման  փուլում  իրականացված  ապօրինությունների  հետևանքների  ազդեցությունը  քվեարկության  արդյունքների  վրա:

 4.3. ՀՀ  Նախագահը  պետք  է  միջոցներ  ձեռնարկի  բացահայտելու  համար  պետական  կառավարման  մարմինների, համայնքի  ղեկավարի, ԿԸՀ  կազմավորող  մարմինների  ու  պաշտոնատար  անձանց  կողմից  ցուցաբերած  բացահայտ  անգործության  պատճառները:  

     ՀՊԱԿ  դիտորդական  առաքելություն

Առաքելության  ղեկավար  Անահիտ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը