Քաղաքական

11.01.2010 22:30


Արմեն Ռուստամյան. “Օր օրի, իշխանությունները, ընդունեն հրապարակավ, թե ոչ, հասկանում են, որ մտել են մի գործընթացի մեջ, որի տերն այլևս իրենք չեն”

Արմեն Ռուստամյան. “Օր օրի, իշխանությունները, ընդունեն հրապարակավ, թե ոչ, հասկանում են, որ մտել են մի գործընթացի մեջ, որի տերն այլևս իրենք չեն”

Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի է ունեցել ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների "Ոչ"-ի հանրահավաք և ջահերով երթ: Միջոցառմանը մասնակցում էին ընդդեմ արձանագրությունների հայտարարության շուրջ համախմբված 14 կուսակցությունները, հասարակական կազմակերպություններ և այլն: Միջոցառման մասնակիցները հանդես են եկել ելույթներով, այնուհետև երթով շարժվել են դեպի Սահմանադրական դատարան, որտեղ մի շարք առաջարկություններով և վերլուծություններով նամակ են հանձնել ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին:

Ս.Շահումյանի հրապարակում ելույթ ունենալով, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք սկսում են իրենց պայքարի նոր փուլը: Նա նշել է, որ ինչքան շուտ իշխանությունները հասկանան իրենց կատարած սխալը, ըմբռնեն այն ձախողումների հետևանքը, այնքան ավելի շուտ, հնարավոր կլինի ազատել ժողովրդին առկա փորձություններից, այնինչ այսօր Հայաստանն ավելի է մխրճվում այդ փոձությունների մեջ:

-Օր օրի, իշխանությունները, ընդունեն հրապարակավ, թե ոչ, հասկանում են, որ մտել են մի գործընթացի մեջ, որի տերն այլևս իրենք չեն: Այդ գործընթացի մեջ թելադրող է Թուրքիան, որովհետև պահել է իր բոլոր լծակները՝ ազդելու գործընթաց վրա, իսկ Հայաստանը՝ կորցրել դրանք,- ընդգծել է Ա.Ռուստմյանը:

Այս առումով, ըստ նրա, պատահական չէ, որ մնացել է միակ լծակը' գործընթացից դուրս գալը: Իշխանություններն այսօր անընդմեջ սպառնում են, որ կարող են դուրս գալ գործընթացից, սակայն, Արմեն Ռուստամյանը համոզված է, որ դա միայն սպառնալիք չպետք է լինի, որպեսզի Թուրքիան օր առաջ վավերացնի արձանագրությունները. «Մեզ պետք է գիտակցում, որ խորապես սխալ ընթացքի մեջ ենք և այդ սխալից հետ կանգնելն իսկապես ժողովրդի կողմից կդիտվի տղամարդկություն և եթե այս ձևով դուրս գանք գործընթացից՝ պատմական լուրջ հնարավորություն կտանք, որ մեր ժողովրդին նոր փորձանքների մեջ չմտցնենք այս արձանագրությունների վավերացմամբ»:

Նա նշել է, որ այս ներպետական ընթացքում ՍԴ-ին լուրջ դերակատարություն է վիճակված և այսօր Սահմանադրական դատարանը կարող է լինել այն ատյանը, որտեղ կարող է կասեցվել այս գործընթացը: Սա է այսօր, նրա կարծիքով, ՍԴ-ի առաքելությունը, եթե ոչ պատմական հնարավոությունը: Արձանագրությունների արդյունքում  ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելը դրանք կասեցնելու միակ եղանակն է: Այս առումով Ա.Ռուստամյանը երեք հիմնական պատճառ է նշել. 1. առաց նախապայմանների գործընթացի իրականացման ձախողումը ոչ միայն դիվանագիտական ձախողման հարց է, այլ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը և նրա հիմնական պահանջները, 2. արձանագրությունների մեջ կան դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը, 3. գործընթացն իրականացվել է փակ, գաղտնի և բոլոր ճակատագրական նախաստորագրումները, ստորագրումները և հայտարարությունները տեղի են ունեցել գիշերը: Այս երեք հիմնական պատճառները, Ա.Ռուստամյանի կարծիքով, ապացուցում են, որ այս արձանագրությունների միակ առարկան, հակառակ հայտարարություններին, ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, այլև այն նախապայմանների համար անհրաժեշտ դրույթների պարտադրումն է, որոնք հարկավոր են Թուրքիային: Ա.Ռուստամյանին զարմացնում է, թե ինչո՞ւ եթե նախապայմաններ չկան, իշխանությունները չեն գնում վերապահումներ իրականացնելու ճանապարհով, քանի որ եթե վերապահում ես կատարում, որը չի հակասում տրամաբանությանը և համաձայնագրի առարկային ու նպատակներին, այդ վերապահման իրավունքը քոնն է. «Ինչու չեն գնում այդ ճանապարհով, այդ ո՞ր իշխանությունը չի ցանկանում օգտվել այդ հնարավորությունից, որ հետագայում Թուրքիան չկարողանա դա ներկայացնել որպես արձանագրությունների առարկա»: Իսկ այն որ Թուրքիան կարող է դա անել, ապացուցում է խորհրդարանին արձանագրությունների Էրդողանի ներկայացումը որը թուրքական պաշտոնական կայքում կար, սակայն հիմա հանվել է: Էրդողանի հիմնավորման մեջ ասվում էր, որ արձանագրությունները լուծում են առնվազն մեկ խնդիր՝ այն է Կարսի պայմանագրով սամանների հաստատումը:  ՀՀ ՍԴ-ն պետք է կասեցնի այս գործընթացը և ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչի արձանագրությունները, որ ՀՀ իշխանությունները գործադիր իշխանության միջոցով հնարավորություն ունենան հետ վերցնել արձանագրությունները, վերապահումներ կատարել և նոր վերապահումներով միայն սկսել ներպետական գործընթացը:

Սակայն, այստեղ ևս խնդիր կա, քանի որ «ժամանակին թեթև ձեռքով գրվել է», որ անգամ Ազգային ժողովում վերապահումների իրավունքը չի պատկանում Ազգային ժողովին, այն պատկանում է գործադիր իշխանությանը: Այս առումով նա նշել է, որ իրենք անելու են ամեն ինչ, որ Ազգային ժողովին վերադարձնեն այդ իրավունքը:

Նա նշել է նաև, որ եթե ՍԴ-ն չանսաց այս ամենին, և արձանագրությունները ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող, ապա պայքարն անցնում է մյուս փուլ՝ հասնել նրան, որ ԱԺ-ում պատգամավորները դեմ քվեարկեն այդպիսի արձանագրություններին:

-Մեր պայքարի փուլը կտեղափոխվի Ազգային ժողով: Մենք պետք է այս ստորագրահավաքի գործընթացը շարունակենք, որ պատգամավորները մի օր քվեարկեն որպես հայ մարդ, ոչ թե որպես Հանրապետական, Բարգավաճ, Օրինաց երկիր կամ այլ կուսակցության անդամ, այլ որպես հայ մարդ, քանի որ այդ քվեարկությունը ճակատագրական քվեարկություն է,- ընդգծել է նա:

Ռուստամյանը ևս մեկ անգամ նշել է, որ իրենց խնդիրը աթոռակռվի կամ իշխանակռվի հարց չէ, իրենց խնդիրն արձանագրությունների կասեցումն է:

Հունվարի 12-ին նախատեսված է Սամանադրական դատարանի նիստը և ինչպես ներկաներին տեղեկացրել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը, վաղը ժամը 10-ին ՍԴ-ի առջև պիկետ է նախատեսված:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը