Լրահոս

12.01.2010 09:13


ՀԱԿ. «Հանուն սահմանադրական կարգի վերականգնման...»

Ինչպես եւ սպասվում էր, թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորի ընտրությունում վարչախումբը կրկին ամբողջ թափով գործի դրվեց բռնությունների, ապօրինությունների եւ ընտրակեղծիքների իր մեքենան՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսները.

- Օրենքի համապատասխան նորմի կոպիտ խախտմամբ ընտրության օրը դեկտեմբերի 26-ի փոխարեն նշանակվեց հունվարի 10-ին՝ հատուկ նկատի ունենալով դրան նախորդող 10-12 օրերի տոնական լինելը եւ այդ օրերին մամուլի բացակայությունը։

- Ընդդիմության գրանցված թեկնածու Նիկոլ Փաշինյանը ամբողջ ընթացքում ապօրինաբար պահվեց կալանքի տակ, ինչով նա զրկվեց անձամբ սեփական քարոզարշավին մասնակցելու հնարավորությունից։

-Ամբողջ ընթացքում բնակչությունը պահվեց տեղեկատվական շրջափակման մեջ. հեռուստաալիքները ոչ միայն հրաժարվեցին ընդունել ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավի հետ կապված որեւէ տեղեկատվություն հաղորդել, այլեւ ոչինչ չասացին կայանալիք ընտրության մասին ընդհանրապես։

-Ավազակային հարձակումներ կազմակերպվեցին ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզչական նյութեր տարածող վստահված անձանց վրա։

-Ընտրական հանձնաժողովների անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փոխարեն, բացահայտ զբաղվել են իշխանական թեկնածուի համար ձայներ հայթայթելու գործով։

- Զանգվածաբար ընտրակաշառք բաժանվեց, շատերին ընտրատեղամաս քշեցին սպառնալով ու շանտաժով։

-Կատարվեցին լցոնումներ, այդ նպատակով ընդհուպ տեւական ժամանակով փակելով ընտրատեղամասի դռները՝ նախապես դուրս անելով վստահված անձանց ու դիտորդներին։

- Ոստիկանության պաշտպանության տակ գործի դրվեցին սափրագլուխների ու քրեական տարրերի բանդաները, որոնց հարձակումներին, ահաբեկումներին ու բռնություններին ենթարկվեցին լրագրողներ, տուժած վստահված անձինք տեղափոխվեցին հիվանդանոց։

- Բազմաթիվ ընտրատեղամասերում նույն քրեական տարրերի օգտագործմամբ օրվա ընթացքում հաստատվեց ահաբեւչական մթնոլորտ։

Հայ Ազգային Կոնգրեսը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ ավավեր ճանաչելու պահանջով։

Այս պայմաններում, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է Հայ Ազգային Կոնգրեսի՝ որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին։ Նախորդ՝ քաղաքապետարանի ավելի մասշտաբային ընտրությունների համեմատ, ավելի մեծ կեղծիքների ու ապօրինությունների գործադրմամբ հանդերձ, վարչախմբի գնած, պարտադրած, գողացած ու մեր ինքնաբուխ ստացած ձայների տոկոսային հարաբերակցությունը հօգուտ Կոնգրեսի ավելացավ շուրջ 2,5 անգամ։ Այսինքն՝ մի կողմից՝ հանձնաժողովներում մեր վստահված անձերի ու ներկայացուցիչների աչալրջության ու աննկունության, ինչպես նաեւ ընտրակաշառքով գայթակղվողների թվի նվազման շնորհիվ տեղապտույտ տվեց իշխանության ընտրակեղծիքների մեքենան, մյուս կողմից՝ ավելացավ մեր այն համակիրների թիվը, ովքեր պատրաստ են ընտրատեղամաս գնալ՝ թեկուզ այս կամ այն չափով իրենց վտանգի ենթարկելու գնով։ Հունվարի 10-ի ընտրությունը բացահայտ ցուցադրեց հասարակության մեջ քաղաքացիական գիտակցության բարձրացման լուրջ առաջընթացը եւ վարչախմբի ներքին քայքայման խորացող ախտանիշը։

Հանուն սահմանադրական կարգի վերականգնման մեր պայքարի մեջ սա անհրաժեշտ եւ խիստ օգտակար մի փուլ էր՝ վերջնական հաղթանակի ճանապարհին։ Ռեժիմի ամեն մի նմանօրինակ ջղաձգություն, նրա քրեականացման աստիճանի խորացման ամեն մի այսպիսի ցուցադրում վկայություն է ոչ թե նրա ուժի եւ ամրության, այլ ի հայտ է բերում նրա թշվառությանը եւ սեփական ժողովրդից անսահման վախը։ Դա մեծացնում ժողովրդի ինքնավստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ, մեզ դարձնում ավելի վճռական, իսկ հասարակության մեջ խորացնում ու ամրապնդվում է այն համոզումը, որ ավազակապետական ռեժիմի հեռացմանն այլընտրանք չկա։ Ուստի այլընտրանք չկա նաեւ ժողովրդի մոտալուտ հաղթանակին։

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ, ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ...

Այս խորագրի վերջին նյութերը