Լրահոս

12.01.2010 11:33


Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը ենթարկվում է մոնիթորինգի

«Շիրակ կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ընդգրկված լինելով ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովում, իրականացնում են  հանձնաժողովի աշխատանքների դիտարկում, ինչպես նաև մոնիթորինգի են ենթարկում բնակարանների բաշխման ամբողջ գործընթացը:

Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացը, որում նախկինում մշտապես տեղ են գտել չարաշահումներ և օրինախախտումներ, եղել է և մնում է հասարակության ուշադրության կենտրոնում: Ուստի նման ծրագրի իրականացումը ինչ-որ տեղ նշանակում է հանձնաժողովի մյուս անդամների  հետ  կիսել պատասխանատվությունը բնակարանների բաշխման ոլորտում օրինականության ապահովման համար:

Երկրաշարժի պատճառով միայն Գյումրիում ավելի քան 21.000 ընտանիք մնացին անօթևան: Մինչև օրս այստեղ շուրջ 18.000 բնակարան է շահագործման հանձնվել, սակայն դեռ 4000 ընտանիք շարունակում է մնալ երկրաշարժից անօթևան, և նրանց համար առաջնային է բնակարանային հիմնախնդիրը:

Երեք տարի տևած ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունները 2008 թվականին վերջապես անդրադարձան աղետի գոտում առկա անօթևանության հիմնախնդրին, և համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի», մինչև 2013 թվականը կառուցվելու է առնվազն 4883 նոր բնակարան ու բնակելի տուն: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, որը 2008 թվականին շահեց ՀՀ կառավարության կողմից հայտարարված բաց մրցույթը, միայն Գյումրիում շահագործման է հանձնելու 3030 բնակարան և սպասարկման օբյեկտների տարածքներ: 2003թ-ից ի վեր, երբ Լինսի ծրագրով աղետի գոտում բնակարանային շինարարությունը ավարտվեց, ՀՀ կառավարությունը Գյումրիում անօթևանների բնակարանային խնդրի լուծումը փորձեց իրականացնել ոչ թե բնակշինարարության, այլ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, ինչը ոչ այնքան անօթևաններին բնակարաններով ապահովման խնդիր լուծեց, որքան նպաստեց արտագաղթին և աղետի գոտում, այսպես ասած, ոչ պաշտոնական անօթևանների թվաքանակի աճին, քանզի շատ անօթևաններ ստանալով այդ գումարը, որի չափը անհամեմատ պակաս էր բնակարանների իրական արժեքից, այն ծախսեցին ոչ բնակարաններ գնելու նպատակով, ինչևիցե...

Նշենք նաև,որ աղետի գոտում անօթևանների թվաքանակը անհամեմատ պակաս կլիներ, եթե բնակարանների բաշխման գործընթացը անցած տարիներին ընթանար օրինականության սահմաններում և հրապարակային, քաղաքացիական կառույցների կողմից ենթարկվեր հսկողության, ինչպես, ասենք, ներկայումս է կատարվում: Մեր ներկա ծրագրով բնակարանների բաշխման գործընթացը ոչ միայն մոնիթորինգի է ենթարկվում, այլ նաև հրապարակայնացվում է: Բնակարան ստացողների ամբողջ ցանկը ներկայացվում է տեղական հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով, տեղադրվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի վեբ - կայքում:

Իսկ բնակարանների բաշխման գործընթացի մոնիթորինգի հակիրճ նկարագիրը հետևյալն է. անօթևաններին  բնակարանների հատկացման մասին բնակարանների բաշխման հանձնաժողովից ստացված որոշումները, ինչպես նաև բնակարանների հավակնորդ և արդեն իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի անօթևաններին  բնակարաններ հատկացնելու մասին հրամանների մեջ ընդգրկված անձանց ցուցակները ամբողջովին մուտքագրվում են նախօրոք պատրաստված մոնիթորինգային  աղյուսակների մեջ: Այնուհետև մանրամասն ուսումնասիրվում են նրանց գործերը' յուրաքանչյուր անուն առանձին-առանձին համեմատվում է տեղեկատվական բազայում առկա ցուցակների հետ, ստուգվում է, թե արդյոք տվյալ անօթևանի անունը  կա՞ Գյումրու անօթևանների ցուցակում, ինչպես նաև նրանց անունները փնտրվում են երկրաշարժից հետո մինչ օրս բնակարան ստացած անձանց ցուցակներում: Այնուհետև առանձնացվում են այն անօթևանների անունները և գործերը, որոնց հետ կապված խնդիրներ են ծագում: Պատրաստվում է համապատասխան գրություն, որով հավելյալ տեղեկատվություն և պարզաբանումներ են պահանջվում ՀՀ քաղաքաշինության նախարարությունից, ինչպես նաև կատարվում են այցելություններ այդ անօթևանների ժամանակավոր կացարաններ: Հավաքված տեղեկատվությունը և եզրակացությունները մուտքագրվում են  մոնիթորինգի զեկուցի աղյուսակների մեջ: Այս ծրագիրն իր մեջ ներառում է նաև անօթևանների իրազեկման ու նրանց իրավունքների պաշտպանության բաղադրիչներ:

Գյումրիում մեկնարկած' անօթևաններին բնակարանների բաշխման գործընթացի շրջանակներում անցած տարվա նոյեմբեր ամսին բնակբաշխման հանձնաժողովի կողմից, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հրավիրվել են Գյումրու անօթևանների հերթացուցակի 1200 ընտանիքներ.

1- սենյականոց բնակարան ստացողներից' 1-500,  2 -սենյականոց բնակարան ստացողներից' 1-500 և 3 -սենյականոց բնակարան ստացողներից' 1-200 հերթական համարներում ընդգրկված անձինք, որոնցից հանձնաժողով էին ներկայացել

ընդամենը 726-ը: «Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչներն այցելեցին տնակային ավաններ' անօթևաններին իրազեկելու, ինչպես նաև հարցումներ իրականացնելու նպատակով: Ըստ ծրագրի շրջանակներում իրականացված այդ ուսումնասիրությունների արդյունքների, հարյուրավոր անօթևանների կողմից փաստաթղթեր չներկայացնելու պատճառները հետևյալներն են'
1. փաստաթղթեր չներկայացրած անօթևանների առաջին խմբում նրանք են, ովքեր առհասարակ բացակայում են քաղաքից կամ նրանց ընտանիքի մեկ կամ մի քանի անդամները բացակայում են Հայաստանից և տարբեր պատճառներով չեն կարող համապատասխան լիազորագրեր ուղարկել, ուստի նրանց փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ.

2. երկրորդ խմբում այն անօթևաններն են, ովքեր երկու կամ ավելի ընտանիքով գրանցված են նույն հասցեում: Այսինքն մեկ բնակարանին հավակնում են միաժամանակ մեկից ավելի ընտանիքներ և նրանց միջև չի կայանում փոխհամաձայնություն հասանելիք բնակարանի պատկանելիության, համապատասխան փաստաթղթերի փաթեթը ձևավորելու և հանձնաժողով ներկայացնելու առումով.

3. համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց խուսափում են այն անօթևանները, որոնք ներկայումս բնակվում են քաղաքի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններում և ցանկություն չունեն տեղափոխվելու քաղաքի ծայրամասում կառուցված նորակառույց բնակարաններ.

4.կան նաև բազմաթիվ անօթևան ընտանիքներ, որոնց փաստաթղթեր չներկայացնելու  պատճառը անիրազեկությունն է:

Աղետի գոտում բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ՀՀ կառավարությունը պետք է շուտափույթ կերպով անդրադառնա վերը շարադրված հիմնախնդիրներին և դրանց լուծումները տալու նպատակով կատարի համապատասխան փոփոխություններ բնակարանների բաշխման կարգում:

                 Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ'  Վահան Թումասյան

Այս խորագրի վերջին նյութերը