Լրահոս

12.11.2010 15:58


Եվրոպական միության մասին երկու գրքերի շնորհանդես Երևանում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում կներկայացնեն «Բարև, Եվրոպա» ու «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերը:

Այս երկու գրքերի հիմնական նպատակն է  հայ ընթերցողին տրամադրել Եվրոպական միության, ինչպես նաև Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն: «Եվրոպական միություն և Հայաստան»  գիրքը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար: Այն անդրադառնում է ԵՄ պատմությանը, պարզաբանում կառուցվածքը և նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: «Բարև Եվրոպա» գիրքն ուղղված է երիտասարդությանը, մասնավորապես' ավագ դպրոցի աշակերտներին: Վերջինս, գրված է էլ ավելի ինտերակտիվ և ընկերական ոճով, քան առաջինը: Երկուսն էլ հարուստ են տեղեկատվության ընկալումը հեշտացնող պատկերներով:

Գրքերը ապահովում են հետաքրքիր ընթերցում' տեղեկատվության աղբյուր լինելով մեկտեղ: Ձեռնարկները լայնորեն տարածվելու են Երևանում և Հայաստանի այլ մարզերում, դրանց շուրջ կազմակերպվելու են սեմինարներ և քննարկումներ:

Գրքերը հրապարակվել են ԵՀՀ «Եվրոպա» ծրագրի շրջանակներում' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության աջակցությամբ: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի արդյունավետ իրագործմանը  Հայաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը