Լրահոս

12.11.2010 14:19


Կարինե Դանիելյան. «Ունենք զանգվածային ուրանի ծրագիր, որը կնշանակի Հայաստանի դատարկում»

Կարինե Դանիելյան. «Ունենք զանգվածային ուրանի ծրագիր, որը կնշանակի Հայաստանի դատարկում»

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագրի վնասներին՝ ասել է, թե  ԽՍՀՄ օրոք այդ հանքերն ուսումնասիրվել են, և բոլորը գիտեն, թե ինչ ունենք։

-Ուրանի ծրագրի իրականացման դեպքում մենք ոչ մի առաջընթաց չենք կարող ունենալ և չենք  կարող տուրիզմ, մաքուր գյուղատնտեսություն զարգացնել։ Հայաստանի  պես փոքր, սեյսմավտանգ տարածքում նմանատիպ աշխատանքներ պետք չէ կատարել: Հսկայական Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ ընդերքի օգտագործում իրականացնել, գյուղատնտեսություն զարգացնել, ուրան  հանել, բայց նման քայլերը  Հայաստանի և հայ ժողովրդի շահերից չեն բխում,-ասել  է նա։

Կարինե Դանիելյանը նշել է, որ  Հայաստանն առանց այդ էլ բնապահպանական շատ խնդիրներ ունի, և մեր ընդերքի թույնը հանելով ու երկիրը դրանով ծածկելով, ուրանի ռադիոակտիվությունն էլ թույլատրելով՝ մենք մեր վիճակը կբարդացնենք։

-Մեզ ասում են, որ զուտ ուսումնասիրություններ են:  Բայց ինչի՞ համար են ուսումնասիրում՝ որ մի օր էլ օգտագործեն: Մեզ հավաստիացնում են, որ այդ տարածքի բնակչության համար փորձում են բնապահպանական անվտանգություն ապահովել, քանի որ վտանգ կա: Մարդիկ դարերով անվտանգ ապրել են, ինչո՞ւ են հենց հիմա որոշել, թե այդ տարածքում վտանգ կա։ Սա արտագաղթի ալիք կարող է բարձրացնել։ Մենք տեղեկություններ ունենք, որ ուրանի համար այլ վայրեր էլ են ուսումնասիրվում Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք ունենք զանգվածային ուրանի ծրագիր, որը կնշանակի Հայաստանի դատարկում,-նշել է նա։

Ըստ Կարինե Դանիելյանի՝ իրենք ցանկանում են հենց սկզբից կասեցնել այս գործընթացը, բայց մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, որը հաստատում է՝ հանրային կարծիքը նշանակություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը