Աշխարհ

04.03.2017 11:58


Տեղի է ունեցել «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակի դատավարությունը

Տեղի է ունեցել «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակի դատավարությունը

Հոլանդիայի Ալմելո քաղաքում մարտի 3-ին տեղի է ունեցել Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։

Այս մասին հայտնում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։

Աշկինը մեղադրվում է հայերի դեմ բռնություն և ատելություն սերմանելու մեջ. նա Ալմելո քաղաքում Մեծ եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ նա վանկարկել էր՝ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Երկու ժամ տևած դատական նիստին ցուցադրվել է ցույցի տեսահոլովակը, որտեղ Աշկինը մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», իսկ հավաքվածները կրկնում են այդ արտահայտությունը։

Ակինը հայտարարել է, որ չի կատարել որեւէ հանցագործություն, քանի որ իր արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է՝ բռնկվի պատերազմ, և լինի արյունահեղություն։ Նա համոզված է, որ որևէ սխալ չի գործել։ Հարցին՝ արդյոք նա զղջո՞ւմ է իր կատարած արարքի համար, և ցանկանո՞ւմ է ափսոսանք հայտնել, նա պատասխանել է, որ իր տեսակետը չի փոխվել։

Դատախազը պահանջել է մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով եւ երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ` երկու տարի փորձնական ժամկետի պայմանով։

Դատավճիռը հրապարակվելու է 2017 թ. մարտի 17-ին։

Այս խորագրի վերջին նյութերը