Լրահոս

13.11.2010 10:37


Գևորգ Դանիելյանն՝ Արմեն Հարությունյանին

Գևորգ Դանիելյանն՝ Արմեն Հարությունյանին

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությանը.

«Հարգելի պարոն Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում քննարկվել է Ս.թ. նոյեմբերի 11-ին <Կոշ> ՔԿՀ-ի դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի' իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ Ձեր կողմից մամուլին ներկայացված հաղորդագրությունը, որում անընդունելի եք համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանի և ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա.Բաբայանի կողմից, մինչև հայտարարության հիմքով քննության, մասնավորապես' դատաբժշկական փորձաքննության ավարտը, պաշտոնական հայտարարություններ անելը։

Այդ առթիվ անհրաժեշտ եմ համարում իրազեկել, որ կոնկրետ ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պաշտոնական հայտարարությունը ոչ թե նախորդել, այլ' հաջորդել է նյութերի նախապատրաստմանը։ Մասնավորապես, մինչև պաշտոնական հայտարարությունը, այսինքն' մինչև նոյեմբերի 11-ի ժամը 11.00-ը, նյութերը նախապատրաստող պաշտոնատար անձը բացատրություն է վերցրել Ն.Փաշինյանի հետ նույն կացարանում գտնվող բոլոր դատապարտյալներից, ՔԿՀ-ի հերթապահություն իրականացնող բոլոր աշխատակիցներից (դատապարտյալ Ն.Փաշինյանը հրաժարվել է բացատրություն տալուց), կազմակերպել է Ն.Փաշինյանին մարմնական զննության ենթարկելը և սահմանված կարգով կազմել արձանագրություն, կազմակերպել է նաև անկողնային պարագաների և հագուստի զննություն և դարձյալ սահմանված կարգով կազմել արձանագրություն, նյութերին կցել է դատապարտյալի անձանական գործի հիման վրա սահմանված կարգով կազմված տեղեկանքը և այլն։ Հավելեմ, որ հիշյալ գործողությունների կատարման հիմնական մասին ներկա են գտնվել նաև հասարակական դիտորդները, որոնք ևս առանձնազրույց են ունեցել դատապարտյալների հետ։

Տվյալ դեպքում, մասնավորապես բավարար հիմքերի առկայության տեսանկյունից, պաշտոնական հաղորդագրություն անելը համարվել է նպատակահարմար' նկատի ունենալով հարցի նկատմամբ հանրության իրավաչափ հետաքրքրությունը։

Այսպիսով, ձեռք բերված նյութերը բավարար են եղել դատավարական որոշում կայացնելու համար։ Ինչ վերաբերում է նաև դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, ապա դա արվել է համապատասխան միջնորդության հիմքով և հիշյալ նյութերի պարագայում դիտվել է սոսկ լրացուցիչ դատավարական գործողություն»։

Այս խորագրի վերջին նյութերը