Աշխարհ

13.03.2017 12:50


Հոլանդիան չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայից

Հոլանդիան չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայից

Հոլանդիայի կառավարությունը մերժել է իր երկրում թուրք նախարարների նախընտրական քարոզարշավն արգելելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու համար Թուրքիայից ներողություն խնդրելու Անկարայի պահանջը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր մեկնած Մևլութ Չավուշօղլուի և Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի դեմ կիրառված սահմանափակումներին:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hürriyet»–ին հղումով։

Վարչապետ Մարկ Ռյուտեն, մի հեռուստահաղորդման ժամանակ պատասխանելով Թուրքիայի վերոնշյալ պահանջի վերաբերյալ հաղորդավարի հարցին, ասել է. «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ, իհարկե, ներողություն խնդրելու գնով»:

Հոլանդիայի արտգործնախարար Բերթ Քենդերսը ևս հայտարարել է, որ իրենց օրակարգում Թուրքիայից ներողություն խնդրելու տարբերակը չի քննարկվում: Նա նշել է, որ եթե Թուրքիայի հետ երկխոսություն ապահովելու ջանքերը որևէ արդյունք չտան, ապա իրենք պատրաստ են դիմել կոշտ քայլերի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոլանդիայի այս դիրքորոշումն ու գործողությունները բնութագրել է որպես «սկանդալային անհարգալիություն» և սպառնացել, որ այդ երկիրը դեռ կվճարի իր գործողությունների համար: Էրդողանը կարծիք է հայտնել, թե սա ապացույցն է այն բանի, որ ֆաշիզմը Եվրոպայում դեռ գոյություն ունի:

Նիդեռլանդները թուրք ընտրողների թվով Եվրոպայում երրորդ երկիրն է. այնտեղ է բնակվում ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը