Քաղաքական

13.03.2009 15:27


«Թուրքիան Հայաստանում նոր ատոմակայան չի կառուցի»

«Թուրքիան Հայաստանում նոր ատոմակայան չի կառուցի»

 Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման տեսանկյունից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի առաջիկա այցը Հայաստան ոչինչ չի փոխի։ «Պարզապես, բարիդրացիական հարաբերությունների իմիտացիա  են ստեղծում»,- ասում է քաղաքագետը, համոզմունք հայտնելով, որ Թուրքիան երբեք չի ընդունի հայերի ցեղասպանության փաստը և չի հրաժարվի ԼՂՀ հարցում Ադրբեջանին սատարելու իր դիրքորոշումից։ Ավելին, Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չի կիրառի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

-Եթե անգամ ԱՄՆ-ը 1915թ. դեպքերը որակի որպես ցեղասպանություն, ապա Օբամայի վարչակազմը դա կանի իր կառավարման տարիների ավարտին։ Իսկ մինչ այդ, Օբամայի վարչակազմը կսկսի պղտոր սակարկություններ՝ ԱՄՆ հայ համայնքի հետ,- ասել է Շաքարյանցը։

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում քաղաքագետի համար անհասկանալի է Հայաստանի շահագրգռվածությունը, առավել ևս, որ, ըստ նրա, Հայաստանին ոչ մի երկիր չի ստիպում մերձենալ Թուրքիայի հետ։ Փոխարենը Թուրքիան ցանկանում է վերականգնել տարածաշրջանում օրեցօր նվազող իր դերակատարումը և, այդ նպատակի իրականացման ճանապարհին Թուրքիայի միակ միջոցը մնացել է Հայաստանը, կարծիք է հայտնել քաղաքագետը և ընգծել, որ մեր երկիրը, ուղղակի թե անուղղակի, նպաստում է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման բարձրացմանը։ Իրանի հզորացումը հասկանալով՝ Թուրքիան, որպես հակակշիռ, կրկին սկսել է մտածել Մեծ թուրքական պետության գաղափարի իրականացման մասին։ Քաղաքագետը հենց դրա հետ է կապել «Կովկասյան պլատֆորմ» ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը։

–Թուրքիայի առաջարկած «Կովկասյան պլատֆորմը» նույն Ղարսի պայմանագիրն է։ Այդպիսով թուրքերը փորձում են հավերժացնել իրենց արևելյան սահմանները, որը ձեռնտու չէ Հայաստանին ու, առավել ևս, Ռուսաստանին,-ասել է Սերգեյ Շաքարյանցը։

Բայց  Հայաստանը հնարավոր է, որ ոչ միայն «Կովկասյան պլատֆորմի» մաս կազմի, այլև Թուրքիային առաջարկում է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում մասնակցություն ունենալ և, ընդհանրապես, ներդրումներ կատարել մեր երկրում։  Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 12-ին ԱԺ-ում փակ հանդիպում էր ունեցել ԲՀԿ, ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների հետ: Այդ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հայտարարել էր, թե «շոկի մեջ է ընկել», քանի որ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե Թուրքիան ներդրումներ է կատարելու Հայաստանում: «Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի ներդրումների կատարումը Հայաստանում և այդ երկրի մասնակցությունը Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում» 7or.am-ի հարցին ի պատասխան քաղաքագետ Սեգեյ Շաքարյանցն ասել է.

-Ես չեմ հավատում, որ թուրքերը որևէ կերպ կմասնակցեն  նոր ատոմակայանի կառուցմանը։ Այն երկրները, որոնք ատոմակայաններ են կառուցում, որպես կանոն գերադասում են ուրիշի կապիտալը չվերցնել, որ վաղը չէ՝ մյուս օրը այդ մասնակիցը կապիտալով փայաբաժին չսկսի սպասել։ Ատոմային ոլորտն այն ոլորտը չէ, որ կարելի է ինչ-որ մի մասնավոր ընկերություն կանչել ու ասել, թե.«արի մասնակցի, ես քո ցավը տանեմ, թափոնների կեսն էլ քեզ է մնալու»։ Շինարարը, որ կստանձնի ատոմակայանի կառուցումը, չի ցանկանա, որ թեկուզ հարևան որևէ մի պետություն, մասնաբաժին ունենա տվյալ ձեռնարկությունում,- ասել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ Սերգեյ Շաքարյանցի, Թուրքիան Հայաստանում անուղղակի կերպով վաղուց արդեն ներդրումներ անում է։

-Թեկուզ, օրինակ, հունական «ՕՏԵ» ձեռնարկության միջոցով։ Իսկ խոշոր ներդրումներ չեմ ակնկալում, քանի որ Թուրքիան այժմ բանկրոտ պետություն է,- ասել է Սերգեյ Շաքարյանցը։  

Այս խորագրի վերջին նյութերը