Լրահոս

12.01.2010 17:50


Վերապահումները մնացին Ազգային ժողովի՞ն

Վերապահումները մնացին Ազգային ժողովի՞ն

-Իսկապես մի կարևոր քայլ կատարվեց այն իմաստով, որ այս բարձր դատարանն անդրադարձավ այն մտահոգություններին, որոնք կան թե՛ ցեղասպանության խնդրի, թե՛ սահմանների հարցի առնչությամբ։ Փաստորեն դրականն այն է, որ միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով այս արձանագրությունների մեջ Հայաստանը որպես պայմանագրի առարկա տեսնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, այլ ոչ թե այն, ինչ Թուրքիան է ուզում տեսնել,- Սահմանադրական դատարանի որոշումից հետո լրագրողներին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Վերապահումները, նրա խոսքերով, մնացին Ազգային ժողովին։ Նրա կարծիքով՝  Սահմանադրական դատարանի որոշմանը, որը մտնելու է Ազգային ժողով, չի կարելի անլուրջ վերաբերվել կամ շրջանցել, և դա մնա միայն ներքին սպառման հայտարարություն։ Նա նշել է, որ եթե ԱԺ-ն որոշում ընդունի, որ վավերացնում է արձանագրությունները՝ նկատի ունենալով ներկայացված բոլոր փաստաթղթերը և այլն, ինչպես բոլոր պայմանագրերի պարագայում, դա, Ա.Ռուստամյանի հավաստմամբ, ոչինչ չտվող հայտարարություն է, քանի որ ի վերջո արձանագրությունները վավերացվում են առանց վերապահումների. «Եթե որոշում ես, որ վավերացնում ես արձանագրությունները վերապահումներով, այ սա դառնում է իսկապես միջազգային օրենքներով ուժ ունեցող հայտարարություն»։ 

Նա նշել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են, քանի որ հարցը դեռևս չի լուծվել, և ՍԴ-ն «կիսագնահատմամբ», այնուամենայնիվ, կանաչ լույս է տվել արձանագրություններին։ ՀՅԴ-ի կողմից արված առաջարկություններին, Ա. Ռուստամյանի կարծիքով, միանշանակ արձագանք կար, սակայն լուծումը, որպես այդպիսին, կիսատ է և բավարար լինել չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը