Լրահոս

12.01.2010 18:21


Է. Շարմազանով. «ՍԴ նախագահը իրավական ուժի առումով հնչեցրեց կարևորագույն երկու փաստարկ»

Է. Շարմազանով. «ՍԴ նախագահը իրավական ուժի առումով հնչեցրեց կարևորագույն երկու փաստարկ»

-Այստեղ Սահմանադրական դատարանի նախագահը իրավական ուժի առումով հնչեցրեց կարևորագույն երկու փաստարկ. առաջինը, որ հղում կատարվեց Անկախության  հռչակագրին, որտեղ հստակ ներառված է, որ ՀՀ-ն պետք է հետամուտ լինի ցեղասպանության միջազգային ճանաչմանը, և երկրորդը, որ այս արձանագրությունները միայն և միայն երկկողմանի պարտավորություն ունեն, և չեն կարող ազդել երրորդ կողմի վրա,- Սահմանադրական դատարանի որոշումից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է նաև, որ եթե ՀՀ իշխանությունները տեսնեին, որ այնտեղ կային նախապայմաններ և կետեր, որոնք վտանգում են ՀՀ շահերը, հոկտեմբերի 10-ին այդ պայմանագիրը չէր կնքվի. «Ի վերջո, թող որևէ մեկը մեզնից ավելի հայրենասեր իրեն չհամարի»։ Ինքն այս արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում, և առաջինը պետք է վավերացնի հենց թուրքական կողմը, քանի որ մշտապես թուրքական կողմն է խոսել նախապայմանների լեզվով։

Լրագրողի՝ «Սահմանադրական դատարանը ճշգրտեց, թե ինչպես է պետք ընթերցել արձանագրությունները, և ինչպես է դրանք հասկանում Հայաստանը, իսկ եթե Թուրքիայի կողմից նման գործընթացի դեպքում տարընթերցման հանգամանք առաջանա՞» հարցին Է. Շարմազանովը պատասխանել է.

-Եթե հայկական կողմը, դիվանագիտությունը և իշխանությունը շատ հստակ լինեն իրենց դիրքերում, ոչինչ հնարավոր չի լինելու։ Այս հարաբերությունների մեջ, իսկ սրանք շատ բարդ հարաբերություններ են, սա ընդամենը առաջին քայլն է մարաթոնյան վազքում, և մենք պետք է ելնենք մեր պետական շահերից։ Պետք չէ տեսնել այն, ինչ գրված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը