Լրահոս

13.01.2010 10:27


Թուրքիան չեղյա՞լ է հայտարարում Իսրայելի հետ իր դիվանագիտական հարաբերությունները

Թուրքիան չեղյա՞լ է հայտարարում Իսրայելի հետ իր դիվանագիտական հարաբերությունները

Պաշտոնական Անկարան ներողություն է պահանջում Իսրայելի փոխարտգործնախարարի արտահայտությունների համար։ Իսրայելում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել։

Իսրայելա–թուրքական հարաբերությունների սրացման պատճառ են դարձել Իսրայելի փոխարտգործնախարար Դայան Այալոնի արտահայտություններն ու պահվածքը։ Իսրայելցի դիվանագետը Թուրքիայի դեսպանին նախ ստիպել է երկար ժամանակ սպասել իր աշխատասենյակի դռան հետևում, այնուհետև թուրքին նստեցրել է ցածր բազմոցի վրա՝ անձամբ նստելով բարձր աթոռին։ Հրավիրելով լրագրողներին և ցուցադրաբար հրաժարվելով դեսպանի հետ ձեռքսեղմումից՝ Այալոնը եբրայերեն ասել է.

«Գլխավորը՝ որ նա հասկանա, որ մենք նստած ենք իրենից բարձր, որ ես չեմ ժպտում, և որ այս սենյակում իսրայելական դրոշից բացի այլ դրոշ չկա»։

Իսրայելի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ ամեն երկիր պետք է իմանա իր տեղը։ Այս դեպքից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն հետ է կանչել իր դեսպանին, այլ նաև նրան նկատողություն է արել։ Իր հերթին Թուրքիայի փոխարտգործնախարարը իսրայելցի իր պաշտոնակցի հայտրարարությունն անվանել է անդաստիարակություն։ Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ ասելով, թե Իսրայելը պետք է վերանայի Թուրքիայի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը, այլապես համարժեք պատասխան կստանա։

Ըստ «The Jerusalem Post»–ի

Այս խորագրի վերջին նյութերը