Լրահոս

15.11.2010 11:05


Վրաստանում կարծում են՝ ավելի լավ է գազատարը տալ Ադրբեջանին, քան Հայաստանին

Տնտեսական հարցերի փորձագետ Գեորգի Խուխաշվիլին կարծում է, որ գլխավոր գազատարը Հայաստանին փոխանցելը ռազմավարական սխալ կլինի։ Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները, «Մեդիանյուզ»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է «Ռեգնում» գործակալության այն հայտարարությունը, որի համաձայն Հայաստանը ցանկություն է հայտնել գնել Վրաստանով անցնող գազատարի հատվածը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին։

Խուխաշվիլիի խոսքերով՝ գլխավոր գազատարի հատվածը Հայաստանին կամ Ռուսաստանին փոխանցելը կարող է տարածաշրջանում Վրաստանի կողմից որոշակի քաղաքական լծակների կորուստ նշանակել, կամ չկամեցողներին լուրջ սադրանքների հնարավորություն կտա։

-Դա Հայաստանի հետ փոխըմբռնման որոշակի մեխանիզմ է և հիշեցում այն մասին, որ մեր քաղաքական գործընկերությունը պետք է շարունակվի, և Հայաստանում «տաք գլուխներում» վատ մտքեր չպետք է ծագեն։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը ևս ձեռքով-ոտքով կապված կլինի, քանի որ Հայաստանին գազ մատակարարելը կարևոր է նաև նրա համար։ Դրանից ելնելով՝ գազատարը Հայաստանին կամ Ռուսաստանին փոխանցելը ռազմավարապես անթույլատրելի է,-նշել է Գ. Խուխաշվիլին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի, ապա Խուխաշվիլիի կարծիքով՝ եթե խաղի կանոնները համաձայնեցվեն, և գազատարը նրանց հետ միասին ղեկավարեն նաև վրացական իշխանությունները, ապա դրանում վատ բան չի լինի։

Նրա խոսքերով՝ գոյություն ունեն շահագործման միջազգային ստանդարտներ, որոնք Ադրբեջանը չի խախտի։

Այս խորագրի վերջին նյութերը