Քաղաքական

11.03.2009 18:33


ՀՀԿ–ն և ՀՀ գլխավոր դատախազությունը Արմեն Հարությունյանի հետ համամիտ չեն

ՀՀԿ–ն և ՀՀ գլխավոր դատախազությունը Արմեն Հարությունյանի հետ համամիտ չեն

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Արմեն Հարությունյանի ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ դիտարկումների հետ համամիտ չէ։ Էդուարդ Շարմազանովն ընդունում է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում և մյուս բոլոր ոլորտներում խնդիրներ կան, բայց, նրա կարծիքով, օմբուդսմենը պետք է շատ ավելի հավասարակշռված գնահատականներ տա, ոչ թե զգացմունքային։

–Եթե որոշ պարոնայք իրենց սենյակներից դուրս չեն գալիս և հասարակությանն ու կյանքին նայում են իրենց պատուհանից, ապա ես՝ որպես պատգամավոր, և իմ գործընկերներն ամենօրյա շփման մեջ ենք հասարակության հետ ու կարող ենք ասել, որ արդարության, անվստահության  հետ կապված՝ որոշակի խնդիրներ կան, բայց, վախի մթնոլորտ մեր երկրում չկա։   

ՀՀԿ մամուլի քարտուղարը համամիտ չէ նաև Արմեն Հարությունյանի այն դիտարկամն հետ, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են։

-Չեմ բացառում, որ կան քաղաքացիներ, որոնց հետ անօրինական են վարվել, բայց, այնուամենայնիվ,  ռեպրեսիվ մեթոդներով համակարգը չի գործում։ Հայաստանը վաղուց անցել է ռեպրեսիաների ճանապարհը և «ցարական» իշխանությունից հետո, նախագահի գլխավորությամբ, երկրի ժողովրդավարացման ուղղությամբ քայլեր են իրականացվում։

Օմբուդսմենից դժգոհ է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Պաշտպանի հայտարարությունն ընդամենն ինքնահաստատման փորձ է» վերտառությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը մարտի 11-ին հայտարարություն է տարածել։ «Ցանկացած հայտարարություն, գնահատական՝ առավել ևս մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցվող, պետք է հիմնված լինի օրենսդրության և կոնկրետ փաստերի վրա։ Սակայն հավատարիմ մնալով որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների և գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ»,- ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ «ՀՀ դատախազությունը հեռու է այն մտքից, որ ամբողջ տարվա ընթացքում դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք է տալիս պաշտպանին՝ դատախազությանը ներկայացնել որպես ռեպրեսիվ կառույց»։

Այս խորագրի վերջին նյութերը