Աշխարհ

21.03.2017 16:06


Քրդերը Բելգիայում կոչ են անում դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Քրդերը Բելգիայում կոչ են անում դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Բրյուսելում քրդերը Նովրուզի տոնի կապակցությամբ միտինգ են անցկացրել, որտեղ կոչ են արել դեմ քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին:

Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքի մասնակիցները հիմնականում եղել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» համակիրները:

Նովրուզի կապակցությամբ նմանատիպ հանրահավաք է անցկացվել նաև Հոլանդիայի Հաագա քաղաքում, որտեղ նույնպես կոչ է արվել «ոչ» ասել Թուրքիայում ապրիլի 16-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նշվում է, որ հավաքին մասնակցել է մոտ 200 քուրդ: Նրանք քրդերի առաջնորդ ու PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկարներով պաստառների ուղեկցությամբ երթ են անցկացրել Հաագայի փողոցներով:

Մարտի 18-ին էլ քրդերը ցույց էին անցկացրել Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող մեկ այլ եվրոպական երկրում` Գերմանիայում:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայի հարաբերությունները եվրոպական մի շարք երկրների հետ լարվեցին այն բանից հետո, երբ այդ երկրներն արգելեցին թուրք քաղաքական գործիչներին իրենց տարածքում ապրող թուրքերի շրջանում քարոզարշավ անցկացնել: Մինչ այժմ թուրք քաղաքական գործիչների քարոզչական այցերը արգելել են Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Դանիան, Հոլանդիան, Շվեյցարիան:

Այս խորագրի վերջին նյութերը