Աշխարհ

22.03.2017 13:10


«Խոստումը». Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծը

«Խոստումը». Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծը

Վաշինգտոնում տեղի ունեցավ «The Promise»՝ «Խոստումը» ֆիլմի ցուցադրումը լրագրողների համար: Ֆիլմը, որը մեծ էկրաններ կբարձրանա արդեն ապրիլի 21-ին, իսկապես ցնցում է էմոցիոնալ իր խորությամբ: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը կտեղափոխի հանդիսատեսին Սիրուն գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այնուհետեւ՝ նոր տպավորություններ, նոր ընկերներ եւ սեր: Սակայն դաժան իրականությունն իր օրենքներն է թելադրում, ու Մեծ եղեռնը փշրում է Միքայելի, Փարիզից պատմական հայրենիք վերադարձած Անայի եւ ամերիկացի լրագրող Քրիսի սիրո եռանկյունին:

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի շարքում «Խոստումը» առաջինը չէ: Ինչպես հիշատակում է Պիետրո Շաքարյանը, Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977), Ատոմ Էգոյանի «Արարատը» (2002), Փաոլո եւ Վիտորիո Թավիանիների «Արտույտների ագարակը» (2007) եւ Ֆաթիհ Աքինի «Սպին» (2014) բազմակողմանիորեն են ներկայացրել Հայոց ցեղասպանության այդ թվում եւ դրա պայմաններում զարգացող սիրո թեման: Սակայն այդ ֆիլմերից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց հասնել Միացյալ Նահանգների լայն հանդիսատեսին:

Հենց այս պայմաններում է հայտնի հայ բարերար Քըրք Քըրքորյանը նախաձեռնել եւ ֆինանսավորել «Խոստումը» ֆիլմի նկարահանումները՝ նպատակ ունենալով նկարել մեծ ֆիլմ մեծ ողբերգության, բայց եւ՝ կենսունակության մասին: Կայսրությունները փլուզվում են, սերը՝ ապրում. ավանդական կանոններով նկարահանված «Խոստումը» 2015 թվականին կյանքից հեռացած Քըրք Քըրքորյանի վերջին նախագիծն էր: Ի դեպ, ֆիլմի ամբողջ եկամուտն ուղղվելու է բարեգործական հիմնադրամների:

Կինոնկարը մեծ էկրաններ է բարձրանալու ապրիլի 21-ին, բայց դրա դեմ արդեն իսկ լայնածավալ պայքար է սկսվել, եւ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող որոշ անձինք փորձում են արհեստականորեն իջեցնել ֆիլմի վարկանիշը բացասական քվեարկություններով: Սակայն այդ ամենը կարեւոր չէ, քանի որ, ինչպես ասում է ֆիլմի գլխավոր հերոսուհին, «մեր լավագույն վրեժը կլինի շարունակել ապրել»:

Մարտի 22-ին «Խոստումը» ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների Կոնգրեսում: Հայ դատի ամերիկյան գրասենյակի կողմից կազմակերպված ցուցադրման ընթացքում կոնգրեսականներ, ինչպես նաեւ Կոնգրեսի աշխատակիցներ եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքում գործող բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի ծանր պատմությանն ու ոգու բարձրությանը:

«Ամերիկայի ձայն»

Այս խորագրի վերջին նյութերը