Աշխարհ

30.03.2017 12:40


Թուրքական դատարանն արգելափակում է հոլանդական կայքը

Թուրքական դատարանն արգելափակում է հոլանդական կայքը

Թուրքական դատարանը հոլանդական «booking.com» հյուրանոցների առցանց ամրագրումների կայքը երկրի տարածքում արգելափակելու որոշում է ընդունել:

Թուրքական «Hurriyet» թերթը հայտնում է, որ Թուրքիայի զբոսաշրջության գործակալությունների միությունը (TÜRSAB) հայց էր ներկայացրել դատարան՝ հոլանդական ընկերությանը մեղադրելով անարդար մրցակցության մեջ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Հայցվոր TÜRSAB-ի գլխավոր քարտուղար Չեթին Գյուրջյուն հայտնել է, որ մինչև դատարան դիմելը անարդար մրցակցության հարցով բողոք էին ներկայացրել տնտեսական մրցակցության կոմիտե, որը «booking.com»-ին տուգանել է 2.5 միլիոն թուրքական լիրայի չափով: Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Գյուրջյուն նշել է, որ «booking.com»-ը Թուրքիայում զբոսաշրջային գործակալության գործունեություն էր վարում՝ թուրք հանգստացողների և Թուրքիայի հյուրանոցների միջև միջնորդ դառնալով: Ըստ Գյուրջյուի՝ թուրքական օրենքներով նման գործունեություն կարող են ծավալել միայն գործակալները, իսկ «booking.com» զբոսաշրջային գործակալ չէ:

Թուրքիայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնելոգիաների խորհուրդը, որին դատարանը հանձնարարել է արգելափակել կայքի հասանելիությունը, հայտնել է, որ նախկինում երբեք անարդար մրցակցության պատճառով կայք արգելափակելու որոշում չեն ստացել.

«Երբեք նման որոշում չենք իրականացրել: Սակայն եթե դատարանը արգելափակելու որոշում է կայացրել, մենք ստիպված կլինենք կիրառել»:

Աղբյուրը նկատում է՝ հոլանդական ընկերության նկատմամբ նման որոշում կայացվում թուրք-հոլանդական լարված հարաբերությունների համապատկերին:

Հոլանդիայի իշխանություններն արգելել էին երկրի տարածքում թուրք պաշտոնյաների, այդ թվում նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ թուրքական համայնքների հետ հանդիպումները, որոնց հիմնական առանցքը ապրիլի 16-ին կայանալիք սահամանդրական փոփոխությունների հանրաքվեն էր:

Այս խորագրի վերջին նյութերը