Աշխարհ

05.04.2017 16:45


«Եփրատի վահանի» փոխարեն Թուրքիան կնախաձեռնի «Եփրատի սուր» գործողությունը

«Եփրատի վահանի» փոխարեն Թուրքիան կնախաձեռնի «Եփրատի սուր» գործողությունը

«Եփրատի վահան» ռազմագործողության ավարտից հետո Թուրքիան նախատեսում է սկսել մեկ այլ գործողություն՝ «Եփրատի սուր» անվանումով։

Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «Yeniakit»–ին հղումով, երկրի սահմաններից դուրս իրականացվելիք այդ նոր գործողության թիրախում են լինելու Իրաքի Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շրջանները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրերս հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար և Սիրիայի Հասաքե ու Աֆրին շջրանները»:

Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցությունը» վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար:

Թուրքիան անհանգստացած է նաև Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրինում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված ուժեր հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» ազդեցության ուժեղացումից: Նոր գործողության շրջանակներում Անկարան նախատեսում է «մաքրել» Աֆրինը քրդական ուժերից, որոնց համարում է PKK-ի ճյուղավորում ու անվանում ահաբեկչական կառույց:

Աֆրին մտնելու համար արդեն պատրաստության են բերվել «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիա մտած թուրքական ստորաբաժանումները և գործողությանը մասնակցող «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման ջոկատները:

Նշվում է, որ ևս մեկ գործողություն էլ սկսվելու երկրի ներսում, որի նպատակն է լինելու կանխել «Եփրատի սուր» գործողություն ընթացքում Սիրիայից ու Իրաքից քուրդ զինյալների դեպի Թուրքիա հնարավոր ներթափանցումները: Այս գործողությունը կընդգրկի այդ 2 երկրների հետ սահմանային Մարդին, Շըրնաք և Հաքքարի նահանգների 12 շրջան:

Այս խորագրի վերջին նյութերը