Աշխարհ

07.04.2017 13:00


ՌԴ–ն դադարեցնում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ կնքած հուշագրի գործողությունը

ՌԴ–ն դադարեցնում է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ կնքած հուշագրի գործողությունը

Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխարգելման և օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը, որը կնքել էր ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հրապարակված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական էջում։

Մոսկվան նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտակարգ նիստ անցկացնել Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Հիշեցնենք՝ ապրիլի 6–ի երեկոյան ԱՄՆ-ը հրթիռակոծել էր Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազան: Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ամերիկյան թևավոր հրթիռներով հարվածն ավելի վաղ էր նախապատրաստվել, քան Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակումը, որը «պարզապես օգտագործվեց որպես պատրվակ ուժի ցուցադրման համար»:

Այդկերպ ԱՄՆ–ը, ՌԴ ԱԳՆ–ի կարծիքով, փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Մոսուլում տիրող իրավիճակից, որտեղ նաև ամերիկյան կոալիցիայի գործողությունների հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Ռուսաստանը կատարվածն «ինքնիշխան Սիրիայի դեմ բացահայտ ագրեսիայի ակտ» է որակել։

«Ամերիկյան կողմը չի կարող չհասկանալ, որ սիրիական կառավարական զորքերն այնտեղ քիմիական զենք չեն կիրառել... Դամասկոսը քիմիական զենք պարզապես չունի, ինչը մեկ անգամ չէ, որ հաստատվել է որակյալ մասնագետների կողմից», - ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի կարծիքով ԱՄՆ ԶՈւ գործողությունները շոշափելի վնաս կհասցնեն ռուս–ամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը