Աշխարհ

11.04.2017 16:20


Թուրքիան արգելում է Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Թուրքիան արգելում է Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող անձանց ելքը երկրից

Թուրքիայի և Նիդեռլանդների երկքաղաքացիություն ունեցող մի շարք անձանց հնարավորություն չի տրվում հեռանալ Թուրքիայից: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Նիդեռլանդների արտգործնախարարության կողմից արված հայտարարությունից:

«CNN Türk»-ի տեղեկացմամբ՝ թուրքական իշխանություններն արգելել են երկրից դուրս գալ երկքաղաքացիություն ունեցող շուրջ մի քանի տասնյակ մարդու: Նրանցից շատերի դեպքում երկրից դուրս գալու արգելքը պատճառաբանվել է նրանով, որ նրանք կասկածվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ:

Երկքաղաքացիություն ունեցող անձանց առաջադրված կոնկրետ մեղադրանքները և նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ: Նիդեռլանդների արտգործնախարարության խոսնակի հայտարարության համաձայն՝ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել ամենաքիչը 10 անձի համար: Բայց որոշ տեղեկություններ կան այն մասին, որ նման խնդրի առաջ կանգնած մարդկանց թիվը հասնում է հարյուրի:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայի և Նիդեռլանդների հարբերությունները ներկայումս բավական լարված են: Նիդեռլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նիդեռլանդաբնակ թուրք համայնքի համար կազմակերպվելիք քարոզարշավը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային թույլ չէին տվել վայրէջք կատարել Նիդեռլանդների տարածքում, իսկ ավելի ուշ ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործած Քայան արտաքսվել էր Նիդեռլանդներից:

Այս խորագրի վերջին նյութերը