Աշխարհ

14.04.2017 14:10


«Թուրքիան վերածվել է աշխարհում առաջատար լրագրողական բանտի». «Washington Post»

«Թուրքիան վերածվել է աշխարհում առաջատար լրագրողական բանտի». «Washington Post»

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» թերթը Թուրքիայում մամուլի անազատության խնդրին վերաբերող հոդված է հրապարակել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «T24»–ին հղումով։

Ամերիկյան թերթը, մասնավորապես, անդրադարձել է թուրքական «Cumhuriyet» թերթի դեմ կիրառվող ճնշումներին՝ նշելով, որ այս թերթի շուրջ 11 աշխատակից ու լրագրող այս պահին անազատության մեջ է գտնվում:

«Washington Post»-ը նկատել է տվել, որ այդ ճնշումների հետևանքով Թուրքիայում մամուլը հետզհետե ավելի ու ավելի է թուլանում:

Աղբյուրն արձանագրում է, որ Թուրքիայում լրագրողությամբ զբաղվելը միշտ էլ ռիսկային է եղել:

«Սակայն հատկապես 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հալածել իր թշնամիներին, մամուլի նկատմամբ ճնշումներն անհավատալի չափերի հասան», -ասված է հոդվածում:

Ամերիկյան թերթը հիշեցնում է նաև, որ այս ընթացքում փակվեցին մի շարք քրդական լրատվամիջոցներ ու գյուլենական կառույցի հետ կապի մեջ մեղադրվող այլ հրատարակչություններ.

«Թուրքիայում 120 կալանավորված լրագրող կա. Թուրքիան վերածվել է այս առումով աշխարհում առաջատար լրագրողական բանտի», - գրում է թերթը:

Անդրադառնալով ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ «Washington Post»-ը նկատում է, որ իշխանամետ մամուլը «այո»-ի քարոզչություն է իրականացնում: Իսկ եթե իշխանությունները կարողանան դրական արդյունքի հասնել հանրաքվեում, դա է՛լ ավելի կհզորացնի Էրդողանին, և տարբեր զանգվածների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ճնշումներն ավելի կսաստկանան:

«New York Times» թերթն էլ արձանագրել է, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հազարավոր մարդիկ են հեռացվել աշխատանքից՝ ընդդիմադիր լինելու մեղադրանքով: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի իշխանությունները ջանում են հասարակության բոլոր շերտերը «մաքրել» ընդդիմադիրներից, և այդ իրավիճակի պատճառով երկիրը ընկնում է է՛լ ավելի մեծ քաոսի մեջ:

«Այդ ամենի սոցիալական հետևանքները չափազանց ծանր են: Դիտորդները նշում են, որ երկրում 1200 դպրոց, 50 հիվանդանոց և 15 համալսարան է փակվել», - գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը