Աշխարհ

14.04.2017 16:14


Թուրքիան հայտնվել է կրոնի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում

Թուրքիան հայտնվել է կրոնի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում

Ամերիկյան «PEW» հետազոտական ընկերությունը կրոնի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում ամփոփվել են 198 պետություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ 2015թ. վերաբերյալ կազմված զեկույցում Թուրքիան տեղ է գտել կրոնի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկրների շարքում. այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը:

Ուսումնասիրությանը մասնակցող երկրները դասակարգվել են ըստ «պետության կողմից կրոնի սահմանափակումների» և «հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի դրսևորումների»:

Պետության կողմից կրոնի սահմանափակումների հաճախականության առումով Թուրքիան առաջատարների ցուցակում է: Կրոնի ազատության ոտնահարման դեպքերի առումով բարձր ցուցանիշ գրանցած երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ է գտել ևս 22 երկիր, որոնց թվում՝ Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:

Իսկ հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի չափանիշի համաձայն՝ Թուրքիան ներառվել է «բարձր» ցուցանիշ ունեցող երկրների խմբում: Այս խմբում են ընդգրկվել նաև Սոմալին, Լիբիան, Անգլիան, Սաուդյան Արաբիան և Գերմանիան:

«PEW»-ի զեկույցի համաձայն՝ 2015թ. Եվրոպայի 45 երկրներում գրանցված հասարակական միջադեպերի թիրախում են գտնվել հրեաները (33 երկրում), մահմեդականները (32 երկրում) և քրիստոնյաները (21 երկրում):

Ողջ աշխարհում գրանցվող կրոնական սահմանափակումները գնահատվել են 10 բալանոց սանդղակով: Թուրքիայի դեպքում իշխանությունների կողմից կատարվող սահմանափակումների համար այդ ցուցանիշը կազմել է 6.8 միավոր, իսկ հասարակության մեջ կրոնով պայամանվորված թշնամանքի դրսսևորումների առումով՝ 6.2 միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը