Աշխարհ

17.04.2017 15:37


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» պատրաստվում է դիմել երկրի սահմանադրական դատարան հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` այս մասին հայտարարել է ԺՀԿ-ի խորհրդարանական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Թեզջանի խոսքով՝ երկրի Ներքին գործերի նախարարության որոշմամբ քաղաքացիներին արգելվել է ներկա գտնվել քվեների հաշվարկին, ինչը սահմանադրության խախտում է: Ըստ ԺՀԿ-ական պատգամավորի` ձայների հաշվարկին քաղաքացիների մասնակցությունը ամրագրված է սահմանադրությամբ, և երկրի ՆԳ նախարարությունը քաղաքացիների այդ իրավունքը սահմանափակելու լիազորություն չունի: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ Թուրքիայի տարբեր շրջաններից իրենց առնվազն 19 բողոք է փոխանցվել այս խնդրի հետ կապված: Թեզջանը նշել է, որ իրենք այս հարցով արդեն դիմել են բարձրագույն ընտրական խորհուրդ և շուտով պատրաստվում են դիմել նաև Սահմանադրական դատարան:

«Լարվածությունը թոթափելու միակ միջոցը հանրաքվեն անվավեր ճանաչելն է»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` հավելելով, որ հարկ եղած դեպքում իր կուսակցությունը կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը