Աշխարհ

17.04.2017 16:30


Թուրքիայում փոխվեցին «ռազմականացված Սահմանադրության» վերջին կետերը (լուսանկար)

Թուրքիայում փոխվեցին «ռազմականացված Սահմանադրության» վերջին կետերը (լուսանկար)

2017 թ. ապրիլի 16-ին Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, նախնական տվյալներով, ընդունվել է իշխող կուսակցության առաջարկած փաթեթը: Այն բացի Թուրքիայի նախագահի իրավասությունների գրեթե բացարձակացումից, հիմքեր է ստեղծում նաև բանակի վերջնական իսլամացման և քաղաքական գործընթացներից հեռացնելու համար:

Սահմանադրական փոփոխություններն ընդունվել են հանրաքվեին մասնակցածների 51,41 տոկոսի (25.156.860) ձայների արդյունքում: Սահմանադրության փոփոխությանը դեմ է քվեարկել հանրաքվեին մասնակցածների 48,59 տոկոսը (23.777.014): Այդ թվում սահմանադրության դեմ արտահայտվել են Թուրքիայի 6 խոշորագույն քաղաքներից 5-ը (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալյա, Ադանա):

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահը՝ ի դեմս գործող Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հնարավորություն է ստանում ևս երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում (տեսականորեն՝ մինչև 2029թ.) և վերահսկել գործադիր իշխանությունն ամբողջությամբ, ինչպես նաև ստանձնել օրենսդիր իշխանության որոշ կարևոր գործառույթներ, ազդել դատական համակարգի աշխատանքի վրա:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, բացի նշվածից, Թուրքիայի բանակը զրկվում է քաղաքական գործընթացների վրա ազդելուն նպաստող վերջին օրենսդրական լիազորություններից, լծակներից: Մասնավորապես բանակին վերաբերող փոփոխությունները հետևյալն են.

  • Զինվորական դատական համակարգի վերացում (բացառությամբ պատերազմական իրադրության)
  • Բարձրագույն ռազմական խորհրդի (ԲՌԽ) բոլոր որոշումները կարող են քննարկվել քաղաքացիական դատարաններում,
  • Հանվում է արտակարգ իրավիճակների դեպքում հայտարարվող ժամանակավոր իշխանության այն տեսակը, որը զինվորականներին տեղերում թույլ էր տալիս նաև քաղաքական իշխանության լծակները ստանալ (sıkıyönetim):

Նախորդ՝ 2010 թ. սահմանադրական փոփոխությամբ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունն» արդեն սահմանափակել էր զինվորական դատարանների իրավասությունները, սակայն 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ այդ դատարանների շարքերում ևս կային իշխող վարչակարգին դեմ շրջանակներ:

ԲՌԽ-ի հիմնական որոշումները մինչ այս էլ հնարավոր էր բողոքարկել քաղաքացիական դատարաններում, բացառությամբ հիմնականում հաստիքի բացակայության պատճառով թոշակի ուղարկելու վճիռների: Ըստ էության այս երկու կետով փոփոխություներն էլ բխում են բանակի որոշակի ինքնավարության վերացման շարունակական քաղաքականությունից:

Եթե նախկինում՝ մինչև 2010 թ., զինվորական դատարանները և ԲՌԽ-ն բանակի շարքերից կարող էին հեռացնել իսլամամետ զինվորականներին, և վերջիններս բողոքարկելու իրավունք չունեին, ապա ներկայում դա անհնար է դառնում: Թուրքիայի ներկայիս քաղաքացիական դատական համակարգը գտնվում է իշխող ԱԶԿ-ի վերահսկողության շրջանակներում:

«Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ դիկտատոր». ծաղրանկարում պատկերված է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը. Աղբյուրը՝ Azadliq Radiosu

Անդրադառնալով նշված կետերին՝ թուրք իրավագետ Ուլուսոյը նշում է, որ անկասկած սա ավելի շատ քաղաքական որոշում է: Ըստ նրա՝ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի նման «զգայուն» պայմաններում երկրի որևէ հատվածում իշխանությունն անցնի զինվորականներին:

Այս տեսանկյունից առանցքային է համարվում «արտակարգ դրությանը» վերաբերող կետում կատարված փոփոխությունը: Եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն՝ Թուրքիայում քաղաքացիական պատերազմի, պատերազմական իրադրության և այլ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է հայտարարվել միայն «արտակարգ դրություն» (OHAL)։

Այդ պարագայում իշխանությունն ամբողջությամբ մնում է քաղաքացիականների ձեռքում, իշխող վարչակարգի իրավասություններն անհամեմատելիորեն ավելանում են: Այստեղ կարևոր է, որ գործող սահմանադրության համաձայն 2015-16թթ. Թուրքիայի տարբեր նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողությունների շրջանակներում սահմանվել էր հենց «ռազմական դրության» տարբերակը: Նշված պայմաններում Թուրքիայի բանակը այդ տեղերում ստանում է օրենքով սահմանված մի շարք արտոնություններ, հիմնում է «արտակարգ կառավարման դատարաններ»:

Այպիսով 2017 թ. սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Էրդողանի թիմը հնարավորություն ստացավ ոչ միայն բանակին քաղաքական գործընթացներից հեռացնելու օրենսդրական հիմքեր ստեղծել, այլև՝ նպաստել ավանդաբար աշխարհիկության դիրքերից հանդես եկող բանակի իսլամացմանը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը