Աշխարհ

19.04.2017 17:00


Եվրախորհուրդ. «Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի՝ ԵԽ անդամությանը»

Եվրախորհուրդ. «Մահապատժի վերականգնումը վերջ կդնի Թուրքիայի՝ ԵԽ անդամությանը»

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ եթե Թուրքիան վերականգնի և սկսի կիրառել մահապատիժը, ապա դա կնշանակի այդ երկրի՝ ԵԽ-ին անդամության վերջը:

Ըստ թուրքական «Ahaber.com» լրատվական կայքի՝ Հյոլթգենը հայտարարել է, որ Թուրքիային անդամությունից զրկելու համար անհրաժեշտ է 47 անդամ պետություններից 2/3-ի ձայները: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

«Մահապատժի վերականգնման ուղղությամբ Թուրքիայի կատարած ցանկացած քայլ հետընթաց կլինի Եվրոպայի հետ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է ԵԽ պաշտոնյան:

Նշվում է, որ ԵԽ անդամ բոլոր պետություններում հանված է մահապատիժը: Մահապատիժը չվերացնելու պատճառով է, որ հետաձգվում է Բելառուսի անդամակցությունը կառույցին:

Թուրքիան ևս կառույցին անդամակցելիս համապատասխան արձանագրություն է ստորագրել մահապատիժը վերացնելու մասին:

Աղբյուրը հիշեցնում է՝ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներում հաղթելուց հետո այդ երկրի նախագահ Էրդողանը հայտարարել է մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը