Աշխարհ

21.04.2017 15:49


Ինչպես են պատերազմող Հալեպում ապրում հայերը (տեսանյութ)

Ինչպես են պատերազմող Հալեպում ապրում հայերը (տեսանյութ)

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից, որտեղ շուրջ մեկ շաբաթ հնարավորություն է ունեցել ապրելու մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր ամենատարբեր հանգամանքների արդյունքում շարունակում են մնալ Սիրիայում՝ չնայած տարիներ շարունակ չավարտվող պատերազմին եւ անորոշ ներկային: Տիգրան Դանիելյանի հեղինակային «Պատերազմի եւ խաղաղության կռիվը» խորագրով ֆիլմը եթերում կլինի ապրիլի 24-ին եւ կպատմի մեր հայրենակիցների ապրումների, զգացողությունների, ցավի, վախերի ու մտորումների, ինքնության մաքառման մասին:

Տիգրան Դանիելյանի խոսքով՝ իր միակ ցանկությունն է, որպեսզի վերոնշյալ ֆիլմով եւս մեկ անգամ հայ եւ միջազգային հանրությունների ուշադրությունն ուղղվի Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մեր հայրենակիցների ծանր առօրյային: «Ես հանդիպում էի մեր հայրենակիցներին, ովքեր պատմում էին այն ամենի մասին, ինչը վերջին տարիներին անբաժան է եղել իրենցից: Ես հանդիպեցի մի կնոջ, ում որդին թեեւ նահատակվել է, սակայն ինքը կարողացել է ուժ գտնել իր մեջ, ապրել եւ փորձել իրականացնել Հակոբի թողած պատգամը»:

Տիգրան Դանիելյանն այցելել է նաեւ Հալեպում գտնվող եւ այժմ գործող միակ դիվանագիտական կառույց՝ Հայաստանի հյուպատոսություն, որը մինչ օրս չի դադարեցրել իր գործունեությունը: Նկարահանումներ են իրականացվել նաեւ ռմբակոծված հայկական Նոր Գյուղ թաղամասում, հայկական ավերված ծերանոցում, մանկատանը, Քառասուն մանուկ առաջնորդանիստ եկեղեցում, որը, ըստ որոշ թյուր տեղեկությունների, համարվում էր ամբողջովին ավերված:

Տիգրան Դանիելյանը նկարահանումներ է իրականացրել նաեւ Լաթաքիայում ու Քեսաբում, որոնց հիման վրա ստեղծված ֆիլմերը Հանրայինի հեռուստադիտողը կդիտի առաջիկայում:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը