Աշխարհ

21.04.2017 16:40


ԵԽ զեկույց. Թուրքիան լրագրողների նկատմամբ սպառնալիքներով և հետապնդումներով առաջատարն է

ԵԽ զեկույց. Թուրքիան լրագրողների նկատմամբ սպառնալիքներով և հետապնդումներով առաջատարն է

Եվրախորհուրդը հրապարակել է «Լրագրողների դեմ ճնշումների» մասին զեկույցը, ըստ որի՝ Եվրոպայում մեծ թվով լրագրողներ ընթարկվում են ճնշումների, ահաբեկման և հետապնդման: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Ուսումնասիրությունը ներառել է ինչպես Եվրամիության, այնպես էլ այդ կառույցին չանդամակցող երկրները, ինչպես, օրինակ, Հարավային Կովկասի երկրները, Թուրքիան:

Ըստ զեկույցի՝ Թուրքիան լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի, սպառնալիքների քանակով առաջատար է: Թուրքիայի լրագրողների 69.2 տոկոսը ֆիզիկական բռնության սպառնալիք է ստանում: Այս ցուցանիշն ամենաբարձրն է: Հաջորդը 66 տոկոս ցուցանիշով Հարավային Կովկասն է, ապա Արևելյան Եվրոպան՝ 60 տոկոս: Լրագրողների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը կրկին ամենաշատը գրանցվել են Թուրքիայում՝ 18.3 տոկոս: Հոգեբանական բռնության ցուցանիշը բարձր է բոլոր երկրներում: Թուրքիայում լրագրողների 87 տոկոսը կարծում է, որ թիրախավորվել և հատուկ հսկողության տակ է պահվել:

Առցանց հետապնդումների ամենաշատը ենթարկվում են Թուրքիայի լրագրողները՝ մոտ 71 տոկոս: Տարբեր կառույցների կողմից ամենաշատ սպառնալիքները կրկին ստանում են թուրք լրագրողները՝ ընդ որում ոստիկանության կողմից սպառնալիքներ ստանում է լրագրողների 72 տոկոսը, իսկ տարբեր քաղաքական խմբերի կողմից՝ 64.4 տոկոսը:

Ըստ զեկույցի՝ լրագրողների նկատմամբ այս բոլոր ճնշումները հանգեցնում են ինքնագրաքննության, որի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Թուրքիայում: Լրագրողների 51 տոկոսը ավելի քիչ տեղ է հատկացնում դեպքերի քննադատությանը, 42 տոկոսը նվազեցրել է զգայուն և քննադատական պատմությունների նշանակությունը, 42 տոկոսը սահմանափակվել է թեմաները ընդունելի բովանդակությամբ քննարկմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը