Աշխարհ

15.01.2010 16:52


Արծվիկ Մինասյան. «...օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն է առաջանում»

Արծվիկ Մինասյան. «...օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն է առաջանում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմամբ, ըստ էության, իրենք հասել են իրենց նպատակին արձանագրությունների մեջ տեղ գտած բացթողումների շտկման առումով։

-Սակայն սա վերջնական արդյունք չէ։ Իրավական տեսանկյունից ՍԴ-ի կայացրած որոշման մեջ ամրագրվածը փորձ է ներհայկական համաձայնության մթնոլորտ ձևավորելու, առ այն, որ հետայսու առկա սահմանը վերջնական սահման չի կարող լինել, սակայն այս որոշումը կարող է վկայակոչվել նաև միջազգային երկրների համար, երբ հաստատումները համարվեն արձանագրությունների մաս, իսկ որպեսզի դա լինի, անհրաժեշտ է, որ այս հաստատումները վերապահումների վերածվեն։ Արձանագրություններն անպայմանորեն պետք է վավերացվեն վերապահումներով։ Առանց վերապահումների արձանագրությունների վավերացումը նույնքան վտանգավոր է, որքան որ էր մինչև ՍԴ-ի որոշումը,-նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ սահմանադրագետները նշում են, թե վերապահումներով վավերացումը միջազգային իրավունքի տեսանկյունից ընդունելի չէ, և թուրքական կողմին կարող է հնարավորություն տալ ասելու, որ այդ վերապահումները բանակցությունների ընթացքում էր պետք անել՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ վերապահումների ինստիտուտն ընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։

-Վիեննայի կոնվենցիան ոչ միայն սահմանում է միջազգային պայմանագրերի մեկնաբանման կանոնները, այլ նաև հստակ արձանագրում, որ եթե չկա ցանկացած փաստաթուղթ արձանագրություններից զատ կողմերի համաձայնության առկայությամբ, ապա այդպիսի փաստաթուղթը պետք է մեկնաբանվի բացառապես արձանագրությունների տառին և ոգուն համապատասխան։ Բացառություն է նախատեսում վերապահումների ինստիտուտը, և վերապահումների առկայության դեպքում կարող են արձանագրություններն ընկալվել այն ձևով, ինչ ձևով որ ներկայացվում են Սահմանադրական դատարան, սակայն այն կարող է իրավական ուժ ստանալ, եթե այդպիսի վերապահումն արվել է պետության անունից։ Ցավոք, ՍԴ որոշումը պետության կողմից չէ, դրա համար կարևորում եմ վերապահման առկայությունը,-նշել է նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ համաձայն միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի՝ վերապահում իրականացնելու և այդ տեսքով ԱԺ ներկայացնելու իրավունք  ունի միայն ՀՀ նախագահը կամ գործադիրը, և ԱԺ-ի լիազորություններն օրենքով սահմանափակված են։

-Այս առումով օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտություն է առաջանում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը