Աշխարհ

24.04.2017 11:10


Արամը չներեց մորը թուրքի հետ ամուսնանալու համար. Սեզեդե Թերզյան. հայտնի հայերը (լուսանկար)

Արամը չներեց մորը թուրքի հետ ամուսնանալու համար. Սեզեդե Թերզյան. հայտնի հայերը (լուսանկար)
«Չէր կարող պատահականություն լինել այն, որ ես Սեզեդե անունն եմ կրում,- ասում է նա՝ կայծն աչքերի մեջ,- այնքան կատարյալ կերպով նկարագրում է իմ կյանքի ուղին. «Սեզեդե» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու ձայնդ»», –գրում է 100lives.com-ը:

1923 թվականն է: Օսմանյան կայսրության տարածքում նոր է ավարտվել Հայոց ցեղասպանությունը, որն արժեցավ 1,5 միլիոն հայի կյանք: Փոքրաթիվ քրիստոնյաներ դեռ հրաժարվում են լքել իրենց հայրենի երկիրը, նրանց մեջ՝ Կարապետ Թերզյանը: Հարկադրաբար զորակոչվելուց ու զորքերի տեղակայումից հետո նա վերադառնում է Յոզղաթ՝ իր հարազատ քաղաքը: Այնտեղ ժամանակին 30 հազար հայ էր բնակվում, իսկ 1915-ի տեղահանությունից հետո մնացել էր ընդամենը 88-ը:

Կարապետ Թերզյանի գրկում իր վեց ամսական որդին՝ Արամն է

Կարապետին մտահոգում էր հայրենակիցների զանգվածային արտագաղթը Թուրքիայից եւ Սեւրի պայմանագրի չեղարկումը, սակայն մխիթարվում է այն փաստով, որ Լոզանի պայմանագիրը հայերի ու հույների համար ազգային փոքրամասնությունների իրավունքներ է խոստանում: Նա իրեն բախտակից մի երիտասարդ կնոջ է սիրահարվում. վերջինս նույնպես կորցրել էր բոլոր հարազատներին, փրկվել էր միայն եղբայրներից մեկը: Կարապետը ցանկանում է նրա հետ լինել ու ընտանիք կազմել՝ ի հեճուկս տարիքային մեծ տարբերության: Լավատեսությունը չի լքում նրան:

Ծաղկուն տարիներն արդեն հետեւում թողած Կարապետն, այնուամենայնիվ, ամուսնանում է երիտասարդ Մարիամի հետ ու երկու զավակ ունենում, սակայն նրան վիճակված չէր ապրել՝ վայելելու երեխաների մեծանալը: Նա մահանում է որդու ծնվելուց շատ կարճ ժամանակ անց՝ 1922 թվականին՝ անապահովության մեջ թողնելով ընտանիքը:

Ծայրահեղ դժվարին ֆինանսական դրությունը եւ Թուրքիայում աճող ազգայնականությունը Մարիամին հարկադրում են ամուսնանալ թուրքի հետ: Հայկական եկեղեցիների, դպրոցների ու գերեզմանատների շարունակվող ոչնչացումը սարսափեցնում է նրան: Սակայն հույս ունի, որ ամուսնությունը կապահովի թե՛ իր, թե՛ զավակների գոյությունը: Մինչեւ իր կյանքի վերջին օրն այս որոշումը մթագնելու է հարաբերությունները որդու՝ Արամի հետ, որն այդ քայլի համար չի կարողանում ներել մորը:

Խորթ հայրն ու ազգանվան մասին օրենքը. 1930-ական թվականներ

1934 թվականին Մուստաֆա Քեմալն ազգանունների մասին օրենք է ընդունում, համաձայն որի՝ այդուհետ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենար այնպիսի ազգանուն, որը կհամապատասխաներ թուրքական բառարանում տեղ գտած որեւէ բառի: Տասներկուամյա Արամի ազգանունը Թերզյանից փոխվում է Թերզիօղլուի: Նրա խորթ հայրը ճնշում է գործադրում մոր ու քրոջ վրա՝ ստիպելով կրոնափոխ լինել, ինչպես նաեւ քրոջ հայկական Շուշանիկ անունը փոխարինում է թուրքական Նուրդանե-ով:

Արամը տանել չի կարողանում բռնապետ խորթ հորը: Երբ վերջինս կրկին փորձում է Արամին կրոնափոխ անել, նա ընդմիշտ լքում է տունը եւ ապաստան գտնում քեռու մոտ: Ապրելու համար գումար էր վաստակում թերթեր վաճառելով, վճարի կամ ապրանքի դիմաց մազ էր կտրում, ատամներ հեռացնում ու աղյուսներ պատրաստում: Նա սովորում է թաքցնել իր արմատները, որպեսզի հասակակիցների շրջանում թշնամիներ ձեռք չբերի, քանի որ պատմության դասագրքերը հայերին դավաճան էին ներկայացնում:

Արամը մոր եւ քրոջ հետ

Իր հավատի ու ուժեղ կամքի շնորհիվ Արամը դառնում է Յոզգաթ նահանգի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Սորգունի ամենակարեւոր անձնավորություններից մեկը: Յոթանասուն տարի առաջ Սորգունն անկում ապրող մի քանի հազար տարեկան հին քաղաք էր, որն սկսեց մշակութային ծաղկում ապրել Արամի շնորհիվ: Այսօր քաղաքը հայտնի հանգստավայր է:

Արամ Թերզիօղլուն եւ նրա երեխաները

1951 թվականն է, եւ Արամը մեծ հեղինակություն է վայելում Սորգունում:

ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՐԱ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԿՆՇՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՔԵՐՈՒՄ:

25 տարեկանում Արամն ամուսնանում է գեղեցկուհի Սեզեդեի հետ ու երկու որդի ունենում՝ Կարպիս եւ Նուրան անուններով: Բացի բազմաթիվ խանութներից՝ Արամը ղեկավարում է նաեւ անձնական կինոթատրոն եւ ունի մեծ տուն, որն ավելի շատ կյանքով կլցվի, երբ կծնվեն մյուս երեխաները՝ Սեվինչը, Նուրայը եւ Սունան:

Արամն իր տիկնոջ՝ Սեզեդեի, քրոջ, մոր ու որդու՝ Նուրայի հետ

Արամն ու Սեզեդեն հայերեն չէին խոսում: Ծնողները խուսափել էին նրանց հայերեն սովորեցնելուց, քանի որ վախենում էին նրանց անվտանգության համար: Տարիներ անց Արամի կրտսեր խորթ քույրը հիշելու է. «Երբ դրսում խաղում էինք, մեզ արգելված էր Արամի ավագ որդուն՝ Կարպիսին դիմել իր անունով, որովհետեւ դա շատ վտանգավոր էր: Մենք նրան պարզապես Ալի էինք կոչում»:

1970-ականներ. Սորգուն քաղաքը

Ուշ գիշեր է: Դռան ուժգին թակոցն ստիպում է Նուրանին քնից վեր թռչել: «Նուրա՛ն, արագացրու: Դու պետք է շտապ մեզ հետ գաս»,- թոքերի ամբողջ ուժով բղավում է հարեւանուհին: Նուրանը վազքով գնում է դեպի կինոթատրոն, որը հորից մի քանի տարի առաջ էր ժառանգել: Շենքը բոցավառվում էր: Գեղեցկագույն ֆրանսիական ֆիլմերը, որոնք Անկարայից էր բերել, վերջին 20 տարիների ֆիլմերի ամբողջ արխիվը՝ ամեն ինչ մոխրացավ հենց իր աչքի առջեւ:

Նուրանի համբերությունը հատել էր: 1955 թվականին Ստամբուլում հույների ու հայերի դաժան ծեծից հետո նա այդ երկրում այլեւս որեւէ ապագա չի տեսնում իր ու իր երեխաների համար: Որոշ ժամանակ առաջ Գերմանիա տեղափոխված նրա եղբայր Նուրայը մի քանի անգամ փորձել էր հորը՝ Արամին նույնպես համոզել լքել երկիրը, որպեսզի մենակ չմնա այնտեղ:

«Եթե նրանք խնդիր ունեն, թող գնան,- կտրել էր նրա խոսքը Արամը,- սա է իմ երկիրը: Այստեղ եմ ես ծնվել ու այստեղ էլ մեռնելու եմ»:

Արամը 1970-ականներին

1980-ականներ. Ռուհվարդեն գյուղը

Թերզիօղլուները մինչեւ Գերմանիա հասնելն անցնում են Ավստրիայով: Փախստականների մի ճամբարից մյուսը ոդիսականից հետո նրանց, ի վերջո, ուղարկում են հյուսիս-արեւմուտք՝ Ստորին Սաքսոնիայի Ռուհվարդեն գյուղը: Ապրելու համար նրանց տեղ են հատկացնում կարմիր աղյուսաշեն մի տան մեջ, որտեղ ապրում էին այլ ընտանիքների հետ: Այնտեղ ծնվում է Նուրանի երրորդ զավակը , որին անվանակոչում են Սեզեդե՝ Նուրանի մոր պատվին:

Սակայն անգամ Գերմանիայում Նուրանը զրկված էր որոշ իրավունքներից. որպես ապաստան հայցող՝ նա ճամփորդելու կամ աշխատելու իրավունք չուներ: Սովոր լինելով իր ողջ կյանքում աշխատել՝ Նուրանը դատական կարգով պայքարում է իր աշխատելու իրավունքի համար և, ի վերջո, ութ տարի անց միայն ստանում օտարերկրացի աշխատողի կարգավիճակ: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ ընտանիքը թողնում է Ստորին Սաքսոնիայի նահանգը եւ տեղափոխվում հարավ-արեւմուտք՝ Բադեն-Վյուրտեմբերգ, որտեղ էլ Նուրանն իր համար աշխատանք է գտնում: Ավելի ուշ նույն տարվա ընթացքում նրանք ճանապարհորդում են դեպի Սորգուն: Ութ տարեկան Սեզեդեն առաջին անգամ հանդիպում է Արամին:

«ԱՅՆՔԱՆ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՏԱՏԻԿԻՍ ՈՒ ՊԱՊԻԿԻՍ՝ ԱՐԱՄԻՆ ՈՒ ՍԵԶԵԴԵԻՆ»,- ԱՍՈՒՄ Է ՆՐԱՆՑ ԹՈՌՆՈՒՀԻ ՍԵԶԵԴԵՆ:

«Երբ պապիկս մահացավ, հայրս մեկնեց Թուրքիա՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար: Քառասուն օր անց վերադարձավ, երկա՜ր նայեց ինձ ու ասաց. «Սեզեդե, բալիկս, ես տունս կորցրեցի»,-հիշում է Սեզեդեն:

Այս խոսքերը դաջվել են Սեզեդեի հիշողության մեջ: Ժամանակի հետ նա ավելի շատ բան է պարզում իր նախնիների պատմության եւ իրենց արտագաղթի պատճառների վերաբերյալ: Նա բազմաթիվ հարցեր ունի, որոնք արտահայտում է բեմից հնչող իր երաժշտության միջոցով:

Դերասանական ուղու սկզբում Սեզեդեն իր համար վերաիմաստավորում է իր հայկական ազգանունը, խորանում ընտանիքի պատմության մեջ ու բեմից փոխանցում այն հանդիսատեսին:

«Չէր կարող պատահականություն լինել այն, որ ես Սեզեդե անունն եմ կրում,- ասում է նա՝ կայծն աչքերի մեջ,- այնքան կատարյալ համադրություն է կյանքի ուղիներով ճամփորդությունս նկարագրելու համար: Ի վերջո, «Սեզեդե» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու ձայնդ»»:

Այսօր Սեզեդեն թատրոնի ու կինոյի հաջողակ դերասանուհի է եւ գլխավոր դեր է կատարում քննադատների դրական կարծիքին արժանացած, փրայմ-թայմում հեռարձակվող «Tatort» («Ոճրագործության վայրը») սերիալի մի քանի դրվագում։

100lives.com

Այս խորագրի վերջին նյութերը