Աշխարհ

25.04.2017 17:11


Թուրքիան Ադրբեջանին գումար կտրամադրի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու համար

Թուրքիան Ադրբեջանին գումար կտրամադրի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու համար

Ապրիլի 25-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջան Հանրապետության կառավարությունների միջև ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագիրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նախատեսվում է Ադրբեջանի ՊՆ-ին տրամադրել շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: razm.infoն գրում է, որ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության կայքը:

Այդ միջոցներով Ադրբեջանը պարտավորվում է «առաջին հերթին» գնել թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքներ, ծառայություններ: Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները:

Նշենք, որ նմանատիպ համաձայնագիր Թուրքիան 2016 թ. վերջին ստորագրել է նաև Ուկրաինայի հետ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի՝ Ուկրաինային 5 տարվա ընթացքում Թուրքիան պետք է տրամադրի 15 մլն ԱՄՆ դոլար՝ շուրջ 7 մլն-ով ավելի՝ քան Ադրբեջանին:

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին՝ Ադրբեջանը Թուրքիայից և թուրքական ընկերություններից առհասարակ գնում է իրեն անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքների բավականին փոքր տոկոսը: Ադրբեջանի ռազմական ներկրումների մեծագույն մասը իրականացվում են Ռուսաստանից և Իսրայելից:

Ստորև ներկայացնում ենք 2012-16 թթ. Ադրբեջանին զենք մատակարարած երկրների ցանկը և մատակարարումների մասնաբաժինները՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) տվյալների.

Ինչպես երևում է նշված գրաֆիկից՝ Թուրքիան ապահովել է Ադրբեջանի ռազմական նշանակության արտադրանքների պահանջի միայն շուրջ 3 տոկոսը: Դրա փոխարեն Իսրայելին բաժին է ընկնում 22 տոկոսը, չնայած վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում զգալի առաջխաղացում ունի նաև Թուրքիան: Այս համաձայնագրով Թուրքիան փորձում է խթանել ադրբեջանական զենքի գնման շուկայում թուրքական ընկերությունների հաստատմանը:


Այս խորագրի վերջին նյութերը