Աշխարհ

26.04.2017 14:15


Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում»

Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում»

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Ինչպես փոխանցում է «ermenihaber.am»–ը՝ «alevinet.com»–ին հղումով, Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:

«Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի ցուցակը, որոնք պետք է ձերբակալվեին: Գործողությունը ղեկավարեց Ստամբուլի անվտանգության ղեկավար Բեդրի բեյը: Ձերբակալության պահից սկսած՝ այդ մարդկանց ճակատագրի միակ պատասխանատուն պետությունն է:

Նրանցից շատերը հայ համայնքի ամենահարգի ներկայացուցիչներն ու առաջնորդներն էին՝ պատգամավորներ, գրողներ, բանաստեղծներ, փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ, դեղագործներ, երաժիշտներ, հրատարակիչներ ու քաղաքական գործիչներ: Այս մտավորականները նաև օսմանյան հասարակության ամենափայլուն ուղեղներն էին: Այդ տարեթիվը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը»,– ասված է հայտարարությունում:

Թունչը նշել է, որ Ցեղասպանությունն իրագործվել է նախապես պլանավորված ծրագրով, և այդ տարածաշրջանում բնակվող հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառ է դարձել:

«Թուրքիան արդեն 102 տարի է՝ այդ մասին խոսում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ և աշխարհին մարտահրավեր նետող մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, երբ ողջ աշխարհը ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել», -ասել է Թունչը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն չի կիսում հայերի ցավը, այլև համառորեն շարունակում է ռասիստական և ազգայնամոլական
հակահայ քաղաքականությունը:

Նա հավելել է, որ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոսությունը դեռ այսօր էլ շարունակում է իր գոյությունը թուրքական պետության շրջանակներում, և հենց այդ գաղափարախոսության հիմքում ընկած ռասիստական մոտեցման զոհը դարձավ այնպիսի կարևոր մի մտավորական, ինչպիսին Հրանտ Դինքն էր:

Քուրդ երաժիշտը նկատել է տվել, որ թուրքական կողմը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, իսկ ողջ աշխարհը մեծագույն զարմանքով է հետևում այդ ժխտմանը:

«Այդ մութ ու արյունոտ պատմության հետ առերեսվելու և ներում խնդրելու դեպքում Թուրքիան, թերևս, կարող էր մի քայլ արած լինել համոզիչ լիենլու ուղղությամբ: Այնինչ ազգայնամոլ և ռասիստ գաղափարախոսթյամբ և միանձնյա կառավարմամբ բռնապետության վերածվող այս նոր ռեժիմի պայմաններում նման քայլ կատարելը անհնար է:

Ընդհակառակը, ինչպես երևում է, այս երկիրում շարունակելու է լայնորեն տարածվել ցեղասպանասիրությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը ավելի է մեծացնում վիշտը, և այդ մեծացող վիշտը Թուրքիային աշխարհում հռչակում է որպես Ցեղասպանությունը հերքող երկիր և դրանով մեկուսացնում է նրան: Արդեն նկատելի է, որ այս նոր ժամանակաշրջանում մեկուսացումն է՛լ ավելի է խորանալու: Երբ ժխտումն ու ազգայնամոլությունը մեծանում է, նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստվում:

Ես հարգանքի տուրք եմ մատուցում Ցեղասպանությանը զոհ գնացած մեր բոլոր հայ հայրենակիցներին և սրտանց կիսում եմ նրանց թոռների վիշտը», -ասել է Թունչը:


Այս խորագրի վերջին նյութերը