Խմբագրական

15.03.2009 19:21


Ճանաչի՛ր ինքդ քեզ

Ճանաչի՛ր  ինքդ  քեզ

Ողջո՛ւյն, հարգելի ընթերցող։ «7 օր» լրատվավերլուծական կայքն այսուհետ լինելու է քո մշտական ուղեկիցը։ Դու կարող ես թարմ տեղեկություններ, հրատապ հարցազրույցներ և վերլուծականներ կարդալ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունների վերաբերյալ։

Անշուշտ, մեր հիմնական ուշադրությունը կկենտրոնացնենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ խնդիրները «7 օր» ինտերնետային պարբերականի ամենօրյա քննարկման առարկա են լինելու։ Լրատվությունը կլինի «չոր»՝ զերծ պիտակավորումներից ու զգացականությունից, իսկ մեկնաբանություններում արդեն կներկայացվեն մեր մոտեցումներն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Կայքի «Կարծիք» բաժինը կլինի այն տեղը՝ ուր կբախվեն գաղափարներն ու ծրագրերը, հայացքներն ու մոտեցումները։ Յուրաքանչյուր սուբյեկտ՝ սոցիալիստից մինչև լիբերալ, կոսմոպոլիտից մինչև նացիոնալիստ, մոդեռնիստից մինչև խորը պահպանողական, մեզ մոտ իր կարծիքն արտահայտելու հնարավորություն կստանա (այլ հարց է, որ ոմանք կարող են խուսափել մեզ մոտ երևալուց, բայց դա մեր խնդիրը չէ)։ Մենք կողմ ենք բաց, հրապարակային բանավեճին և ինքներս ենք դա նախաձեռնելու։

Հայտնի է, որ ապրում ենք բարդ տարածաշրջանում։ Ունենք Արցախի (այսինքն Հայաստանի Հանրապետության անվտանգության) խնդիր, ունենք ջավախահայության պաշտպանության և հայ-վրացական հարաբերությունները կանոնակարգելու խնդիր, ունենք Թուրքիայի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու և հայկական հարցին իրատեսորեն հետամուտ լինելու խնդիր, ունենք տարածաշրջանում մեր դիրքերն ամրապնդելու, ժողովրդավարական երկիր, Արևմուտքի ու ՌԴ–ի միջև հավասարակշռություն պահելու խնդիր։

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում առկա իրավիճակը ճգնաժամային է։ Այլասերվել և արժեզրկվել են պետական գրեթե բոլոր ինստիտուտները։ Այլասերվել և արժեզրկվել են գրեթե բոլոր հեղինակությունները։ Մենք ունենք սեփականության լեգիտիմության ճգնաժամ, վստահության ճգնաժամ և, ի վերջո, արդարության դեֆիցիտ։ Ընդ որում, խնդիրները միայն քաղաքական կյանքին չեն վերաբերում։ Սպորտ, մշակույթ, կրթություն և այլն. այս բոլոր ոլորտներում էլ, չնչին բացառություններով, մենք ունենք չափանիշների անկում, արժեքների ձևախեղում։ Անբարոյականները բարոյականություն են քարոզում, անգրագետները՝ գրագիտություն, անբանները՝ աշխատասիրություն, գողերն՝ օրինականություն։ Բնական է, որ այսպես շարունակվել չի կարող։

Ներքին կյանքում՝ քաղաքական, տնտեսական, իրավական, տեղական ինքնակառավարման և այլ համակարգերում, անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ։ Քաղաքա-տնտեսական մենաշնորհներն իրենց տեղը պետք է զիջեն ազատ շուկային և քաղաքական ժողովրդավարությանը։

Հարկավոր է ամբողջությամբ վերանայել համայնքային կառավարման համակարգը, որն այժմ տեղական կլանների որջ է հիշեցնում։ Մարզերում քաղաքական կյանք չկա։ Դրա համար էլ վերևից է որոշվում տեղական իշխանիկների «գույնը»։ Իշխանության էր ՀՀՇ-ն՝ բոլոր համայնքապետերը ՀՀՇ-ական էին։ Հետո եկավ ՀՀԿ-ն։ Նույն համայնքապետերն իրենց կուսակցական գրքույկներից պոկեցին «Շ» տառն ու տեղը դրեցին «Կ»։ ՀՀՇ-ն դարձավ ՀՀԿ, բայց ոչինչ չփոխվեց կամ փոխվեց դեպի վատը։ Վաղը, եթե հանկարծ իշխանության գան ֆաշիստները, ապա տեղական նշանակության սուլթաններն անմիջապես մի ձև կգտնեն և կապացուցեն, որ իրենց պապերը պատերազմի տարիներին Հիտլերի կողմից են կռվել, իսկ իրենց վստահված տարածքներում միշտ էլ համակենտրոնացման ճամբարների ռեժիմ է գործել։ Մի խոսքով, տեղական ինքնակառավարման համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի։

Մեր այժմյան սերունդը պետք է լուծի նաև ամենացավոտ հարցերից մեկը՝ սեփականության լեգիտիմության հարցը։ Քանի դեռ այստեղ առաջընթաց չունենք՝ որևէ լավ բան չի կարելի սպասել։ Իսկ առայժմ մշտապես կա սեփականության վերաբաշխման վտանգ. ներկայիս իշխանությունները փորձում են սեփականության վերաբաշխման նոր ալիք տարածել։ Դա արվում է ոչ թե ուղղակի (չնայած այդպիսի դեպք էլ արձանագրվեց «Բջնիի» դեպքում), այլ անուղղակի՝ հարկային բեռի ավելացման և բյուջեի չհիմնավորված մեծացման միջոցով։ Դա շատ վտանգավոր խաղ է։ Ընդ որում՝ վտանգավոր թե՛ իշխանության, թե՛ բիզնեսի, թե՛ հասարակության և թե՛ պետության համար։

Այն կառավարիչները, ովքեր չեն գիտակցել այդ ամենը՝ երբևէ հաջողության չեն հասել, նույնիսկ պետություններ են վերացել։ Եվ կարիք չկա դեմագոգիայով զբաղվել, թե պայքար է մղվում ստվերային տնտեսության դեմ։ Ստվերայի տնտեսության դեմ պայքարում են ոչ թե հարկային տեռորով, այլ իշխանությունը բիզնեսից տարանջատելով, հարկային բեռը թեթևացնելով, մրցակցային ազատ դաշտ ստեղծելով, ներդրումային միջավայր ձևավորելով, անկախ դատական համակարգ ապահովելով, բիզնեսի բոլոր շերտերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, տնտեսական օրենսդրությամբ սահմանված խաղի կանոնները օրումեջ չփոխելով, մեկ գիշերվա մեջ կտրուկ ու կասկածելի որոշումներ չընդունելով և, ամենակարևորը. բաց քաղաքական համակարգ՝ այլ ոչ թե աթոռներից կառչածների փակ գիլդիա կառուցելով։

Այսօր հատկապես ծանրացել է փոքր ու միջին բիզնեսի վիճակը։ Բիզնեսի այդ շերտի խնդիրները մշտապես գտնվելու են «7 օր» կայքէջի ուշադրության կենտրոնում և այդ առումով ձեռներեցները մեզ կարող են ընդունել որպես իրենց գործընկեր, ինչու չէ, նաև պաշտպան։

Ազգային բուրժուազիայի բոլոր մակարդակներն էլ հիմա դժվարությունների առաջ են կանգնած և դա ոչ այնքան պայմանավորված է միջազգային տնտեսական ճգնաժամով, որքան իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականությամբ։ Իշխանություններն ուզում են իրենց թերությունները դուրս գրել միջազգային ճգնաժամի վրա։ Բայց դա չի ստացվի ու տնտեսական դաշտում կատարվող գործընթացների կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաներ պետք է կոնկրետ պատասխան տան։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ում վարած քաղաքականության (Սերժ Սարգսյանի հովանու ներքո, անշու՛շտ) հետևանքները եթե ոմանք այսօր չեն տեսնում, ապա վաղը ամեն ինչ զգալու են իրենց մաշկի վրա։

Շատ է խոսվում այն մասին, որ, կոպիտ ասած, խոշոր բիզնեսի հարցերը պետք է լուծել։ Դա հատկապես կարելի է լսել լյումպեն-պրոլետարիատի և լյումպենի սիրելին դառնալ ձգտող որոշ իշխանավորների շուրթերից։ Ճիշտ է մեր խոշոր բիզնեսը «քաղցր» պտուղ չէ, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Ու պիտի փորձել, քաղաքակիրթ բիզնեսի կանոններ սահմանելով, բարեփոխել միջավայրը, այլ ոչ թե բիզնեսը թիրախ դարձնել։ Աշխարհի ոչ մի նորմալ երկրում կապիտալի նախնական կուտակումը հեշտ չի անցել։ Մենք էլ այդ փշոտ ուղին պիտի անցնենք։

Ես չեմ կարծում, որ բիզնեսի որևէ շերտ (այդ թվում և խոշորը) այժմ պետք է թիրախ հայտարարվի կառավարության կողմից։ Գործադիրի այդ հայտարարություններից բոլշեվիզմի հոտ է գալիս, առավելևս երբ նպատակ ունես սեփականության պարզ վերաբաշխում իրականացնելու, այլ ոչ թե ազատ շուկա ձևավորելու։ Բոլշեվիկներն էլ խոստացան կուլակաթափությունից հետո պրոլետարներին երջանկություն պարգևել, բայց գուլագներ ստացվեցին։

Ահա այս և հանրային նշանակության մյուս հարցերն են, որ մենք ակտիվորեն քննարկելու ենք և ակնկալում ենք մեր ընթերցողների մասնակցությունը (դա կարելի է անել հետադարձ կապի միջոցով՝ [email protected]

Մենք կփորձենք ձևավորել մի դաշտ, որտեղ կարծիքների բախումից պարզ կերևա, թե ով ով է։ Համոզված ենք, որ երկրում համակարգը ընդհանուր մթնոլորտի փոփոխությանը զուգահեռ կփոխվի։ Հետևաբար` անիմաստ է պայքարել քաղաքատնտեսական դաշտի «դինոզավրերի» դեմ. նրանք ավտոմատ կերպով խաղից դուրս կգան, ինչպես որ ժամանակին բնակլիմայական պայմանների փոփոխությունը բերեց իսկական դինոզավրերի վերացմանը։ Այսինքն, պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ համակարգի փոփոխման համար։ Այդ դեպքում արդեն անձերը երկրորդական կդառնան։ Մրցակցությունը պետք է տեղափոխել գաղափարական դաշտ և ցույց տալ, որ «թագավորը մերկ է»։ Ուստի չի կարելի անձերի դեմ գնալ՝ այլ անձերի գերին դառնալով։ Ավելի քան 1700-ամյա քիրստոնյա ժողովուրդը պիտի իմանա, որ չի կարելի կուռքեր սարքել։

«7 օր» խմբագրակազմում ընդգրկված են լավատես և Հայաստանի ապագային հավատացող մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով կնպաստեն քաղաքական ու լրատվական դաշտում մեր հաստատուն տեղի ամրագրմանը։ Քանի դեռ մենք «Ծուռ հայելիների» թագավորության օրենքներով ենք ապրում, ապա, «Մեր պատասխանը Չեմբեռլենին» ծրագրի շրջանակներում, կայքում կներկայացնենք նաև «Ծուռ հայելի» էջը՝ հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների «ուրույն» մատուցմամբ։

Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ապա այսպիսի խմբագրական ողջույնի խոսքը դուրս կլիներ ԶԼՄ-ների համար ընդունված չափանիշներից։ Բայց այժմ Հայաստանն է ոչ ստանդարտ իրավիճակում, հետևաբար, կարծում եմ, որ շեղումները բնական են։

Մեր կարգախոսն է. «Ճանաչի՛ր ինքդ քեզ»։ Եվ իրոք, մենք ինքներս մեզ ճանաչելու խնդիր ունենք, որից հետո արդեն հաջողություններն իրենց սպասել չեն տա։ Ծուռ և ոչ ծուռ հայելիներն են նաև մեզ ստիպելու ճանաչել միմյանց։ Մեզ պետք են ազգային–դեմոկրատական կամ որ նույնն է՝ բուրժուադեմոկրատական փոփոխություններ։ «7 օր»-ը հավակնում է այդ խնդիրն իր հնարավորությունների սահմաններում լուծել։ Ճիշտ է, ինտերնետն այնքան էլ լայն լսարան չունի, որքան, ասենք, հեռուստատեսությունը, բայց եթե դու ասելիք ունես, ապա այն կտարածվի և կգտնի իր հասցեատիրոջը։ Ինչքանով դա կստացվի՝ ժամանակը ցույց կտա։ Գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը։ Դե ուրեմն, բարի երթ բոլորիս։

«7 օր» ինտերնետային պարբերականի հիմնադիր

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը