Լրահոս

16.01.2010 09:42


ՍԴ որոշման վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանի վճիռը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ հերթական անգամ ապացուցում է այն ճշմարտությունը, որ մեր երկրի բոլոր ոլորտները համակված են խոր համակարգային ճգնաժամով և կաթվածահար են: Առավել ևս դա վերաբերում է Հայաստանում սահմանադրական կարգի գործառությանը: Սահմանադրական տխրահռչակ դատարանը բոլոր գողացված, կեղծված, արյունով լվացված հանցագործ ընտրությունները Հայաստանում օրինական հռչակեց:

Այսօր նորից փաստվեց, որ սահմանադրությունը ՀՀ-ում ունի ֆիկտիվ բնույթ,  իսկ սահմանադրական կարգի փոխարեն իրականում գործում է միայն ավազակապետական կարգը: Ցավով պիտի արձանագրենք, որ Սահմանադրական դատարանի ինստիտուտն ընդամենը կցորդ է չարաբաստիկ ղարաբաղյան կլանի մոտ, որը և օգտագործում է այդ ինստիտուտը' իր իշխանությունը պահպանելու համար:

ՀՀ Սահմանադրական դատարանը կատարեց հերթական քայլը ազգային դավաճանության խայտառակ գործում: Ավաղ, նույն քայլը կատարեցին և այն քաղաքական ուժերը, որոնք շեղելով ժողովրդի ուշադրությունը գողապետական ռեժիմի ճարտարապետներից, իմիտացիոն պայքարի բեմադրություն ցուցադրեցին ՍԴ շենքի մոտ:

Ժողովրդական իմաստությունն ասում է, որ ձուկը գլխից է փտում: Միայն ազատվելով ղարաբաղյան կլանից,  կազմաքանդելով ավազակապետական ռեժիմը, մենք կկարողանանք վերականգնել սահմանադրական կարգը երկրում և դրանով իսկ կանխել ազգային դավաճանության յուրաքանչյուր դրսևորում:

Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

                                                                                           Ատենապետ -Լյուդմիլա Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը