Աշխարհ

03.05.2017 15:52


Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են զենքի համատեղ արտադրության հարցեր

Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են զենքի համատեղ արտադրության հարցեր

Մայիսի 3-ին ռուսաստանյան Ռոսոբորոնէքսպորտ ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ինչպես Թուրքիային ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա մատակակարելու, այնպես էլ՝ համատեղ արտադրություն և նախագծումներ իրականացնելու հետ կապված հարցեր: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ընկերության կայքը:

Ռոսոբորոնէքսպորտի մարքեթինգային բաժնի ղեկավարի տեղակալը նշել է, որ երկու երկրները զենքի վաճառքի շուրջ բանակցում են 2016 թվականից: Մասնավորապես, խոսքը տարբեր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է:

Սակայն կողմերը քննարկում են նաև զենքի նախագծումների և համատեղ արտադրության ոլորտում տեխնոլոգիական գործընկերության հետ կապված հարցեր:

Ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ընկերությունները կմասնակցեն մայիսի 9-12-ին Ստամբուլում անցկացվելիք IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

«Սպասվում է, որ թուրքական պատվիրատուների մոտ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնեն Ս-400 զենիթահրթիռային համակարգը, «Տօռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրը, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրները, «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրը»,– հայտարարել է Գոնչարովը:

Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերից կողմերը բանակցում են Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգեր վաճառելու շուրջ: Սակայն ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ կողմերը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Ռուսաստանը և Թուրքիան դեռևս համաձայնության չեն հասել նաև գնի շուրջ:


Այս խորագրի վերջին նյութերը