Աշխարհ

04.05.2017 12:16


ՆԱՏՕ-ի փորձագետները գնահատելու են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստությունը

ՆԱՏՕ-ի փորձագետները գնահատելու են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստությունը

ՆԱՏՕ-ի փորձագետները կառույցի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept-OCC) ծրագրի շրջանակներում ստուգելու և գնահատելու են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստության մակարդակը:

razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական Azeri Defence մասնագիտացած կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Մասնավորապես նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի փորձագետները մայիսի 8-19-ը «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագրի շրջանակներում անցկացնելու են Ադրբեջանի ԶՈւ հետախուզական վաշտի «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 1-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 1 — NEL-1), մայիսի 29—հունիսի 2-ը՝ Ադրբեջանի ԶՈւ գումարտակի «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 2 — NEL-2):

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագրին միացել է 2004 թ. ապրիլից: 2009-2013թթ Ադրբեջանի ԶՈւ հետևակային վաշտը անցել է «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակի» գնահատման փուլը: 2014-ին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացվել է մոտոհրաձգային գումարտակի «Ինքնուրույն գնահատական, 2-րդ մակարդակի» գնահատման փուլը: Ադրբեջանի ԶՈւ հետախուզական վաշտը ՆԱՏՕ-ի ծրագրին միացել է 2015-ին:

«Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագիրը ՆԱՏՕ-ի «Գործընկերության հանուն խաղաղության» ծրագրի մասն է: Այդ ծրագրի շրջանակներում մասնակիցները անցնում են հետևյալ փուլերը. «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակ», «Ինքնուրույն գնահատական, 2-դ մակարդակ» (Self Evaluation) և «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 1-ին մակարդակ», «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակ» (NATO Evaluation):

Բացի այդ, մայիսի 2-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով անցկացվել է 2017 թվականին Ադրբեջանի «Պլանավորման և վերլուծության գործընթացը» փաստաթղթի գնահատման քննարկման նիստը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը, ՆԱՏՕ-Ադրբեջան կրթական ոլորտում համատեղ ծրագրերին, ինչպես նաև «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագրին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը