Մեկնաբանություն

09.05.2017 00:05


Տոնը համաժողովրդական չի դառնում

Տոնը համաժողովրդական չի դառնում

Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիները համընկան նորանկախ Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձությունների և հաղթանակների հոբելյանական տարեթվերի հետ: Անկախության 20-ամյակ, Անկախության 25-ամյակ, Շուշիի ազատագրման 20-ամյակ, 25-ամյակ:

Թվում էր, թե հոբելյանական տարեթվերը ժողովրդի շրջանում էյֆորիկ զգացումներ կառաջացնեն ու ժողովուրդը միասնաբար կտոնի թե՛ Անկախության 20 և 25-ամյակները և թե՛ Շուշիի ազատագրման հոբելյանական 20 և 25-ամյակները: Մինչդեռ, նույն ժողովուրդը մի տեսակ օտարացած մնաց նշված իրադարձության և հաղթանակի նշանավորման իրողություններից:

Ինչ խոսք, մարդիկ գիտակցում են թե՛ Անկախության և թե՛ մեր հաղթանակի կարևորությունը: Անկախ երկրի քաղաքացին մտածողության, աշխարհայացքի այլ «տարածք է նվաճել», իսկ Ղարաբաղյան պատերազմում հաղթելու առավելությամբ մենք շտկել ենք մեր մեջքը: Սկսեցինք ավելի ուղիղ ու ձիգ կանգնել ու ավելի համարձակ նայել աշխարհին: Ինչի համար երախտապարտ ենք հայրենիքի մի մասի ազատագրման գործում կյանքը զոհաբերած և ապրող մեր հերոսներին:

Հոբելյանական տարեթվերը ավելի են ընդգծում այս ամենը: Ավաղ, ՀՀԿ ղեկավարի նախագահության շրջանում անգամ հոբելյանական առիթները, որոնք առավել են «սրում» ոգեղենությունը, դարձան առավել դժգույն՝ տոնական տրամադրությունների մինորային «աուրա» ապահովելով: Իշխանական վերնախավի ու ժողովրդի միջև այնպիսի անջրպետ է առաջացել, որ տոնը համաժողովրդական չի դառնում:

Իշխանությունը և «արքունիքին» կից հատվածն ինքն իր համար քեֆ է անում ու տոնում, իսկ ժողովուրդն այդ ամենից իրեն պահում է մեծ հեռավորության վրա: Իշխանության կամքով ժողովուրդը բացակա է: Վերջինս էլ մի առանձնապես «քեֆ-ուրախության» մասնակից դառնալու ցանկություն չի դրսևորում: Ո՞ւմ հետ տոնի, ո՞ւմ հետ ուրախանա, երբ գործող իշխանությունը վարած քաղաքականությամբ իրեն զրկել է անգամ «կամավոր ուրախությունից»: Իսկ Սերժ Սարգսյանը Շուշիում հայտարարում է . «Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել»:

Պահելու համար պետք է երկիրդ զարգացնես, ուժեղացնես ու հզորացնես: Դա չի արվում: Փոխարենը լիքը կարգախոսներ են շաղ տալիս, որոնք ամեն ընտրությունից հետո մնում են թղթի վրա՝ ավելի ծռմռելով այն ուղիղ ու ձիգ կեցվածքը, որն ուներ ժողովուրդը նախկինում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը