Լրահոս

16.11.2010 10:25


Սահակաշվիլին Ջավախքում հայերեն է խոսել

Սահակաշվիլին Ջավախքում հայերեն է խոսել

Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ժամանել է Ջավախք և մասնակցել Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք նոր միջպետական մայրուղու բացմանը: 203 կիլոմետր երկարություն ունեցող այս ճանապարհը Վրաստանի կենտրոնական շրջանները կապում է Հայաստանի և Թուրքիայի հետ:

Ախալքալաքի կենտրոնական հրապարակում հավաքված բնակիչներին Սահակաշվիլին դիմել է հայերենով։

«Բարև ձեզ, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Շնորհավորում եմ ձեզ մեր պայմանավորվածությունների, ձեր երազանքի կատարման առթիվ: Այսօր մեծ օր է ողջ Վրաստանի համար»,-ասել է Վրաստանի նախագահը:

Իսկ հետո վրացերենով ավելացրել է, որ նորակառույց ճանապարհը Վրաստանի միավորմա՛ն ճանապարհ է՝ ուղի, որ իրենց տանում է դեպի Վրաստանի միավորումը:

«Տարիներ շարունակ ճանապարհների վատ վիճակի պատճառով այս շրջանը գործնականում կտրված էր կյանքից: Նախորդ կառավարություններն անում էին ամեն ինչ, որպեսզի շրջանը անտեսված ու օտարված մնա: 2004թ.-ից, սակայն, իրավիճակը փոխվել է»,-ավելացրել է նա:

Նորաբաց ճանապարհի շնորհիվ նախկին 8 ժամի փոխարեն այժմ Թբիլիսիից Ջավախք հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը