Լրահոս

18.01.2010 11:07


Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հարգելի պարոն նախագահ և պարոն վարչապետ.

2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին: Եվ խոսքը ամենևին հարդարման աշխատանքների որակի մասին չէ...

Անշուշտ, կառուցվող բնակարանների ամրության վերաբերյալ անօթևանների մտահոգությունը բացատրելի է, քանզի 1988-ի երկրաշարժի հիշողությունները դեռևս թարմ են: 

Մեր կազմակերպությունը 2009 թ. դեկտեմբերի 1-ից   Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացնում է  «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի' պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիթորինգ» ծրագիրը:  Այդ ծրագրի շրջանակներում մեր հանդիպումներն ու դիտարկումները ցույց տվեցին, որ նման տեղեկությունները իրոք արժանի են ուշադրության, քանզի դրանք հիմնականում տարածվում են հենց նույն «Գլենդել Հիլզի» շինարարական աշխատանքներում ընդգրկված շինարարների կողմից:

Ցավալի է նաև այն փաստը, որ  մինչև օրս որևէ իրազեկ պաշտոնյայի կողմից այդ խոսակցությունները պատշաճ կերպով չեն հերքվել և հասարակությանը պարզաբանում չի տրվել առկա մտավախությունները փարատելու համար:

Ուստի դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր միջամտությունը' ստեղծելու մի փորձագիտական հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն  կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային փորձաքննություն եւ արդյունքները կհանրայնացնի: Մենք ակնկալում ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում համապատասխան մասնագետներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ, ՀԿ և անօթևան ընտանիքների ներկայացուցիչներ: Այլապես անհնար կլինի առանց այդ էլ մեծ վիշտ և զրկանքներ կրած անօթևանների մեջ փարատել վախն ու անհանգստությունը: Նման հանձնաժողովի ստեղծումը և եզրակացությունների  հանրայնացումը նաև  վերջ կդնեն այն տեսակետներին, թե իբր կառուցվող շենքերի  կասկածելի ամրության մասին խոսակցությունները տարածվում են միտումնավոր, որպեսզի նման հասարակական կարծիքը  օգտագործվի որպես հարմար առիթ' բնակարանային շինարարությունը Գյումրիում  դադարեցնելու համար:

   Հարգանքով՝
«Շիրակ կենտրոն»

 ՀԿ նախագահ   Վահան Թումասյան  

Այս խորագրի վերջին նյութերը