Լրահոս

18.01.2010 14:10


Ա. Քանանյան. «...Սերժ Սարգսյանը կձգտի հետաձգել և իրականացնել իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում»

Ա. Քանանյան. «...Սերժ Սարգսյանը կձգտի հետաձգել և իրականացնել իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում»

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքս Քանանյանը «7օր»-ին ասել է, որ արցախյան հիմնախնդրի լուծման ՀՀ իշխանությունների հայեցակարգը Մադրիդյան սկզբունքների գաղափարներից առանձնապես չի տարբերվում։ Սակայն, ըստ նրա, հայկական կողմը կցանկանար հետաձգել ԼՂ-ի  որոշ տարածքների զիջումը։

-Իմ պատկերացմամբ՝ գործնական ոտնձգությունները՝ ազատագրված տարածքները հանձնելու առումով, Սերժ Սարգսյանը կձգտի հետաձգել և իրականացնել իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։ Սերժ Սարգսյանն ամեն գնով կփորձի ձգձգել կոնկրետ քայլերը՝ ապահովելու համար իր վերընտրվելը երկրորդ նախագահական ժամկետում։ Այնուամենայնիվ, նրա վրա ճնշումը կամ նրա գիտակցության մթագնումը իրապաշտական մոտեցումների նկատմամբ, կարող են հայոց պետականության հետ տխուր խաղ խաղալ, և կարող ենք նաև լուրջ ոտնձգությունների ականատես լինել ավելի մոտ ժամանակահատվածում։ Բայց ցանկացած պարագայում պետք է ակնկալենք, որ հայոց հանրությունը և մասնավորապես արցախյան հանրությունը այս կարգի ոտնձգությունները կասեցնելու է, և ցանկացած պարագայում տարածքային զիջումները թղթից կամ անհեթեթ խոստումներից այն կողմ երբեք իրականություն չեն դառնա,- մասնավորապես նշել է Ա. Քանանյանը։

Նա նաև կարծում է, որ ԼՂ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի տեքստը հազիվ թե էապես տարբերվի Մադրիդյան սկզբունքների շարադրանքից։

-Համոզված եմ, որ իրականում տեքստը վաղուց համաձայնեցված է, թերևս նաև քողարկված կամ գաղտնի կերպով ստորագրված է, այնպես, ինչպես ականատես ենք եղել հայ-թուրքական արձանագրութուններին, որոնք իրականում համաձայնեցված էին դեռևս անցած տարվա փետրվարին, հետո Ճանապարհային քարտեզի անորոշ վիճակով հայտարարվեցին ապրիլի 23-ին, և հետո՝ օգոստոսի 31-ին, վերջապես ծանոթացանք բուն տեքստին,- ասել է նա՝ հավելելով, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումն իրականում երկրորդական հարց է.

-Մենք ոչ այդքան պետք է մտածենք և կռահենք, թե երբ կհայտարարվի, այլ պետք է մտածենք՝ ինչպես հանրությանը տեղյակ պահենք դրանից բխող կործանարար հետևանքների մասին և, ըստ այդմ, ձևավորենք հանրային այնպիսի կարծիք, որն ի սկզբանե կկանխի ցանկացած գործնական ոտնձգություն Մադրիդյան սկզբունքները թղթից իրականության դաշտ տեղափոխելու առումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը