Լրահոս

15.12.2010 16:17


ՀՀ ԱԳ նախարար. «Ցեղասպանության դատապարտման ճանապարհին առանցքային նշանակություն ունի օբյեկտիվ տեղեկատվությունը»

ՀՀ ԱԳ նախարար. «Ցեղասպանության դատապարտման ճանապարհին առանցքային նշանակություն ունի օբյեկտիվ տեղեկատվությունը»

Այսօր աշխատանքներն ավարտեց ԱԳՆ նախաձեռնությամբ գումարված  «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին փակման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ստորեւ ներկայացնում ենք նախարար Նալբանդյանի խոսքը:

«Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը նվիրված այս գիտաժողովի փակման խոսքը կցանկանայի սկսել շնորհակալություն հայտնելով ձեր մասնակցության, ինչպես նաև այս երկու օրերի ընթացքում հետաքրքիր և արդիական նշանակություն ունեցող քննարկումների համար: Ձեր ելույթներից և եզրահանգումներից հերթական անգամ պարզ երևաց, որ նախ՝ ցեղասպանության հանցագործության հատկապես կանխարգելման հարցում միջազգային հանրությունը դեռևս արդյունավետ լուծումների կարիքն է զգում:

Մյուս կողմից, ցեղասպանությունների դատապարտման և հետևանքների վերացման հետ կապված ևս խնդիրներ կան:

Երբ խոսում ենք անպատժելիության և դատապարտման բացակայության մասին՝ որպես պարարտ հող ցեղասպանության կրկնության համար, շատերը հաճախ են մեջ բերում Հիտլերի 1939 թ.-ի օգոստոսին արտահայտած նախադասությունը հայերի ոչնչացման կապակցությամբ, երբ արդեն բանը բանից անցել էր Հոլոքոստի կանխարգելման առումով: Սակայն դեռևս մինչև իշխանության գալը, դեռևս 1931 թ.-ի հունիսին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա հեգնանքով է հիշեցրել հայերի ոչնչացման մասին որպես կրկնության հնարավոր տարբերակ այլ պարագաներում այլ ժողովուրդների նկատմամբ: Այսինքն, ցեղասպանության դատապարտման բացակայությունը և անպատժելիությունը ուղիղ հարված են հասցնում ապագայում դրա կանխարգելմանը: Ցեղասպանություն ուրացողը անպատժելիության մթնոլորտում նպաստում է այլ ցեղասպանության ծնունդին: Այս իմաստով ողջունելի է բելգիացի նախկին սենատոր François du Vivier-ի կարծիքը, որը ցեղասպանության ճանաչման գործընթացը կապում է ցեղասպանության ուրացման դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության շարունակականության անհրաժեշտությամբ:

Ձեզանից շատերը գտնում են, որ «կանխարգելել» արտահայտությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ամենացավոտ և կիրառման իմաստով հստակություն պահանջող հարցն է: Կարելի է համաձայնվել Ցեղասպանագիտության Միջազգային Ասոցիացիայի Նախագահ, Պրոֆեսոր Վիլիամ Շաբասի հետ, որ մարդասիրական միջամտությունը ցեղասպանության կանխարգելման համար ոչ այնքան իրավունք է, որքան պարտականություն: Այստեղ կավելացնեի, որ պետք է կարևորել ոչ միայն ցեղասպանության կանխարգելման, այլ ավելի վաղ փուլի' ցեղասպան միջավայրի ստեղծման կանխարգելման մասին:

Անհրաժեշտ է անուշադրության չմատնել և արմատախիլ անել ցեղասպանություն ծնող թունավոր մտածողության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգության գոյության հանդեպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին ծնում է մշակութային ցեղասպանություն:

Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին առանցքային նշանակություն ունի օբյեկտիվ տեղեկատվությունը, կամ ինչպես հարգարժան Լեանդրո Դեսպուին է նշում, խոսքը ժողովուրդների հիշողության իրավունքի մասին է, ճշմարտության ընդունման իրավունքի մասին: Այս իմաստով բարձր կարելի է գնահատել նշանավոր գիտնական Իսրայել Չարնիի հարցադրումները, թե «որչա՞փ ենք մենք տեղեկացված տարբեր ցեղասպանությունների մասին, ինչպիսի՞ զգացողություն ունենք այս կամ այն ցեղասպանության կապակցությամբ, որքա՞ն սուր ենք դատապարտում ցեղասպանության անբարոյականությունը և չարիքը, և ի՞նչ չափով ենք պատկերացնում մեր հնարավոր միջամտությունը ցեղասպան իրավիճակներում»: Եվ հարցն այս պարագայում այն է, թե որքա՞ն ենք մենք ցանկանում տեղեկացված լինել: 

Ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման նպատակին ավելի մոտեցած կլինենք, եթե այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաև երբ նրանց կմիանան ցեղասպանություն գործածների ժառանգները: Երբ 2003 թ. ապրիլի 24-ին բացում էինք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի հուշարձանը Փարիզում, այն ժամանակ հույս հայտնեցի, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող փարիզյան առաջին հուշարձանը, կխորհրդանշի 20-րդ դարի ընթացքում գործած բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքը և հիշատակը, որ այն կդառնա ոգեկոչման վայր բոլոր նրանց համար, ովքեր հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը համարում են շարունակական պայքար, որ այստեղ կխոնարհվեն. ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր տառապել են ֆիզիկապես և հոգեպես, այլ մի օր նաև նրանց ժառանգները, որոնք պատճառել են այդ տառապանքները: Հույս ունեմ և հավատում եմ, որովհետև վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցված հիշողության, քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Հավատում եմ այս ապագային և կարծում, որ շատերն են այդպես մտածում:

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի մասնակից բոլոր գիտնականներին ու փորձագետներին, յուրաքանչյուրին առանձին և թույլ տվեք հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ ցեղասպանության հանցագործության կանխարգելման, դատապարտման եւ հետեւանքների վերացման առումով ավելի շոշափելի առաջընթաց կունենանք»:

Այս խորագրի վերջին նյութերը