Լրահոս

19.01.2010 11:10


Բաց նամակ ՀՀ բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է, որ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային պայմանագրի պատճենը դրա ստորագրումից հետո իր տեղեկանքով ներկայացնում է ՀՀ Նախագահին:

Բայց, օրենքին ի հակառակ, արձանագրությունների տեքստը և տեղեկանքը ԱԳՆ-ի փոխարեն Նախագահին է ներկայացրել ԱԳ նախարար Նալբանդյանն, այն էլ սովորոկան թղթի վրա' առանց կնիքի և գրանցման համարի: Նույնպիսի կեղծ տեղեկանքներ է ներկայացրել նաև Արդարադատության նախարարությունը:

Նախագահն այդ թղթերն ուղարկել է ՍԴ, որը հունվարի 12-ի իր որոշման մեջ բառացիորեն կրկնել է Նալբանդյանի ոչ պաշտոնական տեղեկանքի որոշ պարբերություններ: Եթե որևէ դատարան իր դատավճռում ընդամենը կրկնում է ոչ պաշտոնական, այսինքն' կասկածելի մի տեղեկանք, ապա այդ դատարանը և դատավճիռն անօրինական են:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են վիճարկվող ակտի պաշտոնական տեքստը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերով դիմելու դեպքերում»:

ԱԳՆ-ն չի ընդունել որոշում անգլերեն և հայերեն տեքստերի նույնականության մասին: Մինչդեռ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Հայերենով և զուգահեռաբար օտար լեզվով ստորագրվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի տեքստերի նույնականությունը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարությունը»։

23.09.2009թ ԱԳՆ-ն գրավոր հրաժարվել է ինձ ներկայացնել արձանագրությունների պաշտոնական թարգմանությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրականացնում է իրավական ակտն ընդունող մարմինը կամ ՀՀ արդարադատության նախարարությունը»: Պաշտոնական թարգմանությամբ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը»:

23.12.2009թ-ին ես նամակում խնդրեցի ԱԳՆ-ին ինձ տրամադրել արձանագրությունների անգլերեն և հայերեն տեքստերի նույնականության մասին փաստաթղթի պատճենը, արձանագրությունների մարտյան նախագծի և «Ճանապարհային քարտեզի» պատճենները: Ոչ մի պատճեն ինձ չտրվեց, այն բանի համար, որպեսզի թաքցվեն արձանագրությունների ստորագրման նախապայմանները (նամակի վերջում «առդիր» բառը բացակայում է): Պատճենի փոխարեն ԱԳՆ-ն 28.12.2009թ. պատասխանել է, որ «ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում հրապարակված» «բնօրինակի հայերեն լեզվով տեքստերը համարվում են պաշտոնական և նույնական թարգմանություններ»: Այդ անհիմն հայտարարությունով ԱԳՆ-ն կրկին գրավոր խոստովանել է, որ չունի պաշտոնական թարգմանություն և փաստաթուղթ անգլերեն ու հայերեն տեքստերի նույնականության մասին:

ՍԴ-ն ստացել է ինձանից ԱԳՆ-ի այդ պատասխանի պատճենը:

Որոշման 3-րդ կետի վերջին պարբերությունում ՍԴ-ն գրել է, որ ուսումնասիրել է արձանագրությունների անգլերեն տեքստը: Իսկ նախորդ նախադասությունում «authentic copies» բառերը (աուտենտիկ պատճեններ կամ նույնական և հավասարազոր պատճեններ. Հայկական սովետական հանրագիտարան) ՍԴ-ն թարգմանել է որպես «հավասարազոր բնօրինակներ»:

Տեղյակ լինելով կեղծիքի մասին' ՍԴ-ն իր որոշման մեջ «authentic copies»-ը մտադրված կերպով թարգմանել է ոչ թե «նույնական և հավասարազոր», այլ միայն «հավասարազոր»:

Խուսափելով «նույնական» բառից' ՍԴ-ն և ԱԳՆ-ն հասարակությունից թաքցնում են, որ հայերեն տեքստը տարբերվում է անգլերենից, և որ ՍԴ-ն իր որոշումն ընդունել է մի կեղծված տեքստի, այսինքն' բոլորովին այլ արձանագրությունների վերաբերյալ, քան այն, ինչ ստորագրվել է անգլերեն:

Որոշման 4-րդ մասի բ կետում գրված է նպատակների, ձգտումների մասին, որոնք իրավական ուժ կարող են ունենալ սահմանի բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Բայց ԱԳՆ-ն, գիտենալով դրանց կարևորությունը, դեռ օգոստոս ամսից կեղծել և արդեն հասցրել է երկու անգամ փոխել «ՀՀ և ԹՀ միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության հայերեն տեքստի 3-րդ և 5-րդ պարբերությունները:

Ընդ որում, կեղծումները միշտ կատարվել են սահմանների և Եղեռնի հարցերում: «Respect» բառի երկու թարգմանություններից' «հարգել» և «պահպանել», ԱԳՆ-ն վերցրել է միայն մեկը' «հարգել»-ը: Եղեռնի մասին պարբերություններում «to define»' «որոշում տալ» արտահայտությունը թարգմանվել է «հստակեցման համար», հետո «սահմանման համար»:

Բոլոր ենթահանձնաժողովների անվանումները, սկսած «sub-commision on political consultations»-«քաղաքական խորհրդակցությունների հարցերի ենթահանձնաժողով» միջև «sub-commision on environmental issues»- «բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով», ԱԳՆ-ն թարգմանել է նույն կերպ: Իսկ Եղեռնի հարցերով «sub-commision on the historical dimension» արտահատությունը ԱԳՆ-ն թարգմանել է «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով»:

Բանն այն է, որ «dimension» բառը ստույգ թարգմանվում է «չափում», ուրեմն «sub-commision on the historical dimension» թարգմանվում է «պատմական չափման հարցերի ենթահանձնաժողով»: Դա կարող է մեկնաբանվել, թե իբր «պատմական չափման հարցերի ենթահանձնաժողովը» պետք է սահմանում տա' եղե՞լ է Եղեռնը, թե՞ ոչ:

Այս դեպքում ՍԴ որոշման 5-րդ մասի համաձայն, այդ մեկնաբանումը կհակասեր Սահմանադրության նախաբանի դրույթներին, ուստիև' Սահմանադրությանը:

Նման կեղծված թարգմանությունները կարող են հանգեցնել Հայաստանի կործանմանը:

Արձանագրությունների քննարկումը կատարվել է փակ դռների հետևում, հարց է առաջանում, թե այդ դեպքում ՍԴ-ի որոշման մեջ ինչու է գրված «դռնբաց նիստում քննեց» արտահայտությունը:

Քննարկման ընդունելով արձանագրությունների ոչ պաշտոնական, կեղծ թարգմանությունը' ՍԴ-ն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը. սատարել է թարգմանության կեղծումներին: Դա հանցանք է Հայաստանի պետականության դեմ:

2005 թվականին ընդունված Սահմանադրության նախագծի (որի բնօրինակը եղել է անգլերեն) թվով տասնինը հոդվածների թարգմանությունը նույնպես կեղծված է: Նախագիծը տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի www.venice.coe.int կայքում: Այդ կեղծարարության արդյունքում մենք չունենք Սահմանադրություն, որը կարգավորում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումը, իսկ դա նշանակում է, որ չունենք Սահմանադրություն: Այդ դեպքում ինչի՞ համար է Սահմանադրական դատարանի սահմանակարգը, այն էլ հանցավոր Նախագահի աշխատակազմի կրկնօրինակի դերում:

ՍԴ-ի անդամները կարող են դեմարշ կատարել' հրաժարվելով ՍԴ անդամ լինելուց, բայց արդյո՞ք նրանք ընդունակ են դրան:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «ՀՀ միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է», իսկ 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային»: Խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը' ԱԳՆ-ն ինձ չի տրամադրել արձանագրությունների պաշտոնական թարգմանությունը:

Կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին և հասարակական խորհրդին Նախագահից պահանջել անմիջապես հրապարակել պաշտոնական թարգմանությունը և «Ճանապարհային քարտեզը»:

Հայրենիքը վտանգի մեջ է: Հիշենք 1988թ-ի Ղարաբաղյան շարժման նշանաբանը. «Ինչու մեկ ուրիշը և ոչ թե դու»:

Բաբախանյան Անդրանիկ, թոշակառու 

Այս խորագրի վերջին նյութերը