Լրահոս

19.01.2010 14:57


«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, իր հուշագրի ոգուն եվ սկզբունքներին համապատասխան' ակտիվորեն մասնակցեց Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններին: Այդ գործընթացին նախաձեռնության անդամները հանդես եկան որպես ընտրական հանձնաժողովի անդամներ, հավատարմագրված կազմակերպություններից դիտորդներ եւ հասարակական դիտորդներ: Դիտորդները շրջեցին բոլոր ընտրատարածքներում:

Դիտարկումը ցույց տվեց, որ կոալիցիոն իշխանությունը շարունակում է ոտնահարել մարդու տարրական ու առաջնային իրավունքը' ազատորեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, դրանով իսկ ի չիք դարձնելով ՀՀ սահմանադրության հոդված 2-ով հռչակված նորմը' Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:  2010թ. հունվարի 10-ի ընտրությունները անցկացումը կազմակերպվել էր ընտրողների կամքը խեղաթյուրող եւ աղավաղող լրջագույն կեղծիքներով եւ անարդարություններով: Ընդ որում, դրանք դրսեւորվել են ինչպես ընտրությունների օրվա նշանակման, թեկնածուների գրանցման, դրանց քարոզչության իրականացման օրենքով սահմանված դրույթների խախտմամբ, այնպես էլ քվեարկության կազմակերպմամբ:

Քվեարկության օրը' հունվարի 10-ը, ընտրական տեղամասերը պաշարված էին սեւհարյուրակային հրոսակախմբերով, որոնցում ցավալիորեն մեծամասնություն էին կազմում 20-25 տարեկան երտասարդները, որոնց գործողությունների համար մղիչ ուժ էր հանդիսանում նյութապաշտությունը, «թաղի տղու» արժանապատվությունը: Այդ ուժերի ազդեցության տակ քվեարկության օրը տիրել է ահաբեկման մթնոլորտ, ինչը որոշիչ դարձավ ընտրողների ցածր մասնակցության գործում: Ավելին, քվեարկությունը զուգորդվել է  ընդդիմության թեկնածուի վստահված անձանց, տեղամասային հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ լրագրողների հանդեպ կիրառված տարատեսակ ահաբեկումներով, բռնություններով, սպառնալիքներով, ծեծով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ եւ ընտրողի ընտրելու սահմանդրական իրավունքի իրացմանը ապօրինի խոչընդոտելու տարատեսակ այլ քրեորեն հետապնդելի ընտրակեղծիքներով ու գործողություններով: Գրեթե բոլոր ընտրական տեղամասերը դարձել էին մի կողմից' ՏԸՀ կոալիցիոն իշխանական ներկայացուցիչների եւ մյուս կողմից' այդ ուժերի կողմից հովանավորվող թեկնածուի վստահված անձանց ու «թաղի տղերքի» «ախպերական», «թայֆայական» ու «պաչ-պռոշտային» սանձարձակ հարաբերությունների անպատիժ թատերաբեմի: Եվ այս բոլոր  գործընթացները տեղի էին ունենում ընտրությունների օրինականությունն ապահովելուն կոչված իրավապահ մարմինների թողտվության, պետական մարմինների հովանավորության պայմաններում:

Այս ընտրությունների հատկանշական առանձնահատկությունների թվում հարկ է նշել այն հանգամանքը, որ նախօրոք կաշառված ու ուղղորդված ընտրողները իրենց քվեն էին տալիս հասարակությանն ու անգամ իրենց անծանոթ ու անհայտ ոմն մեկին: Սա «ընտրություն» կոչվող բեմականացման իշխանական ձեռագրի նորարական դրսեւորում է, ինչը հաջողությամբ ու արդյունավետորեն իրականացվեց նախօրոք ահաբեկված ու հուսախաբ ընտրողների պասսիվության պարագայում:

Բոլոր փուլերում բազմապիսի ընտրակեղծիքներով ընթացած Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները եզրափակվեցին Երեւանի թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի անօրինական որոշմամբ, ընդդիմադիր թեկնածուի դիմում-բողոքները չընդունելու եւ չքննարկելու անգործությամբ:

2010 թ. հունվարի 10-ի Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության ոչ լեգիտիմ իշխանությունները.

-իրենց իշխանությունը ամրապնդելու նպատակով պատրաստ են շարունակել բռնությունների, անօրինականության եւ քրեական ամենաթողության ուղին,

-իրենց նպատակներին հասնելու համար կույր գործիք են դարձնում երիտասարդ սերնդին, դրանով իսկ կործանման դատապարտելով Հայրենիքի ապագան,

-շարունակում են ՀՀ քաղաքացիներին պահել անպաշտպանության ու հուսահատության ճիրաններում, ինչին մեծապես նպաստում են իշխանահաճո հասարակական, քաղաքական դհոլա-դումբալակա-հաճախորդային կազմակերպություններն ու գործիչները, պալատական մտավորականները:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը վերոհիշյալի համար դատապարտում է ՀՀ նախագահին, իշխող կոալիցիայի մեջ մտնող ու իրենց «ընդդիմադիր» համարող խորհրդարանական կուսակցություններին' ՀՀ քաղաքացիների ազատ, արդար ու անկաշկանդ ընտրելու համըմդհանուր իրավունքի իրացման ու պաշտպանության սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները չիրականացնելու, այս խայտառակ ընտրությունների ընթացքին անհաղորդ լինելու, այդ ընտրությունների արդյունքների վերաբերյալ քամահարական վերաբերմունք կամ էլ բացարձակ անտարբերություն ցուցաբերելու համար:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, իր հուշագրի ոգուն եվ սկզբունքներին համապատասխան շարունակելու է իր պայքարը երկրում Օրենքի գերակայության իրացման ու ՀՀ քաղաքացիների առաջնային իրավունքների ու ազատությունների պաշտպանության ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը