Լրահոս

16.11.2010 10:55


Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետաձգվում է

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը հետաձգվում է

-Օդանավակայանում կատարվող շինարարական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի սկզբին, սակայն Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքների սկզբի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան։ Կան պահեր, որոնք մեզնից կախված են և կան, որ կախված չեն,-այս մասին հայտնել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Ատբաշյանը։

Ինչ վերաբերում է սարքավորումներին, Ատբաշյանը նշել է, որ գնումների ժամկետներն իրենցից կախված չեն։ Ներքին սարքավորումների՝ գրանցման կետերի, բեռնասայլերի, տպող սարքերի և այլնի մատակարարողը 52 շաբաթ է պահանջել։

Regnum-ը տեղեկացնում է, որ նա նշել է, թե ԼՂՀ ղեկավարությունը ձգտում է ապահովել թռիչքների տեխնիկական և ավիացիոն անվտանգությունը, դրա համար էլ չի կարող անապահով տեխնիկա գնել։

-Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական անվտանգությունն ամենաբարձրն է լինելու։ Մենք օգտագործելու ենք CRJ-200 ինքնաթիռները. դրանք իրենց դրսևորել են որպես ապահով ինքնաթիռներ։ Մեզ մոտ աշխատելու են պրոֆեսիոնալ օդաչուներ։ Օդային շարժման համակարգի ղեկավարումը և ինքնաթիռի վայրէջքի ապահովումը յուրահատուկ է լինելու։ Թռիչքների տեխնիկական անվտանգությունը շատ բարձր է լինելու,-նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի պետը և հավելել,-կարող եմ ասել, որ օդային տարածքում մեր հարևանները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, քաղաքացիական ավիացիային ապօրինի ցանկացած միջամտություն կանխելու մասին միջազգային կոնվենցիա են ստորագրել և պարտավորվել են քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ոչ մի դեպքում չկիրառել որևէ ապօրինի գործողություն, որը կարող է ազդել ինքնաթիռների և ուղևորների անվտանգության վրա։ Կարծում եմ՝ այդ երկրները հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դ. Ատբաշյանն ասել էր, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարող է ուղևորներ ընդունել և ճանապարհել 2010թ. նոյեմբերի կեսերից։ Նա նաև նշել էր, որ առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան։ Երևան-Ստեփանակերտ-Երևան տոմսը նախնական տվյալներով արժենալու է 16 000-20 000 դրամ, իսկ առավելագույն արժեքը կկազմի 25 000 դրամ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը