Լրահոս

20.01.2010 10:33


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարի 19-ին իմ դեմ հարուցված քրեական գործով մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որն արտառոց է նույնիսկ Հայաստանի Հանրապետության կոռումպացված եւ խամաճիկային դատական համակարգի համար:
 Մասնավորապես`
 - մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը») ինձ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ արդարացրեց' հռչակելով իմ անմեղությունը:
 -մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասով («Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») ինձ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս հոդվածով ինձ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Այսինքն, 225-րդ հոդվածով ինձ մեղավոր ճանաչելով, Մնացական Մարտիրոսյանը ավելի խիստ պատիժ նշանակեց, քան նույնիսկ միջնորդել էր մեղադրող Կորյուն Փիլոյանը, մի գործելակերպ, որ հայաստանյան դատաիրավական պրակտիկայում հազվադեպ է:
 Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը: Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում: 316-րդ հոդվածով դատարանն ինձ արդարացրել է միմիայն արդարադատության իմիտացիա ստեղծելու նկատառումով:
Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռի անբարո եւ ապօրինի բնույթը հիմնավորվում է նաեւ հետևյալ զուտ իրավական հանգամանքներով, որոնք հիշատակում եմ ընդամենը արձանագրելու համար.
-դատարանում չի հետազոտվել որեւէ փաստ, որն ապացուցեր 225-րդ հոդվածի առաջին մասով իմ մեղավորությունը: Մեղադրող կողմի ներկայացրած առանց բացառության բոլոր «ապացույցները» եղել են շինծու, մտացածին, եւ այս հանգամանքը բացահայտվել է դատաքննության ընթացքում: Եւ չնայած ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է, որ «մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի», իմ պաշտպանները և ես դատարանին ենք ներկայացրել իմ անմեղությունն ապացուցող բազմաթիվ ապացույցներ, որոնք, փաստորեն, արհամարհվել են դատարանի կողմից:
-դատարանը հաշվի չի առել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նախադեպային իրավունքը. Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 225-րդ հոդվածի առաջին մասով խամաճիկային դատարանի կողմից մեղավոր ճանաչված բոլոր քաղաքական հալածյալները դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման:
 
-Մնացական Մարտիրոսյանը զլացել է նույնիսկ դատավճռով արձանագրել ինձ համար նշանակված պատժաչափի կիսով չափ կրճատումը, որը սահմանված է ավազակապետական ԱԺ-ի կողմից ընդունված տխրահռչակ համաներմամբ, որն իրավական պարտադիր ուժ ունի դատարանի համար, եւ որի կատարումը տվյալ դեպքում դրված է հենց դատարանի վրա:
Ելնելով վերը նշվածից, հայտարարում եմ'
1.Իմ նկատմամբ ծայր առած հետապնդումը պատվիրված է ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ավազակախմբի եւ անձամբ նախագահի պաշտոնը յուրացրած Սերժ Սարգսյանի կողմից և զուրկ է որեւէ իրավական հիմնավորումից:
2.Որևէ սպառնալիքի ներքո չեմ ընկրկի հանցավոր իշխանության, բեսպրեդելի և լկտիության առաջ. հանուն արդարության, օրինականության, ժողովրդի իշխանության հաստատման, խոսքի ազատության, մարդու իրավունքների' պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից' բանտում կլինեմ, թե ազատության մեջ:
Հայաստանի Հանրապետության ազատասեր քաղաքացիներին կոչ եմ անում հետևողականորեն շարունակել պայքարը' Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման եւ Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար:
Մեր Շարժումը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. պայքար, պայքար մինչեւ վերջ:

 Նիկոլ Փաշինյան
Քաղբանտարկյալ

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Այս խորագրի վերջին նյութերը