Աշխարհ

16.03.2009 18:54


Ըստ վարչապետի՝ փողը ազգություն չի ճանաչում

Ըստ վարչապետի՝ փողը ազգություն չի ճանաչում

Փետրվարի 20-23-ը  Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը  Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում չբացառեց Թուրքիայի մասնակցությունը։ Թուրքական կողմի հնարավոր ներգրավվածությունը աշխատանքներին, վարչապետի ներկայացմամբ, ունի հետևյալ հիմնավորումը. ատոմակայանը տարածաշրջանում կարող է դառնալ կայունացման գործոն, ըստ այդմ, Հայաստանը շահագրգռված է, որ կառուցման աշխատանքներին մասնակցի ոչ միայն ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, այլև հարևան Թուրքիան։

 Հիշեցնենք, որ նոր ատոմակայանի կառուցման համար կպահանջվի 5,2-7,2 մլրդ. ԱՄՆ դոլար։ Դեռևս նախորդ տարի Ռուսաստանը հաստատել էր, որ ակտիվ մասնակցություն կունենա նոր էներգաբլոկի կառուցման գործում։ Թուրքական կողմը ատոմակայանի կառուցման վերաբերյալ Երևանից սպասում է պաշտոնական հրավերի։ Միայն դրանից հետո Թուրքիայի կառավարությունը կքննարկի այն ընդունել-չընդունելու հարցը։

Ամեն դեպքում դա Թուրքիայի խնդիրն է։ Մեզ համար շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պետք է Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտի կառուցմանը մասնակցի Թուրքիան։  Ի վերջո սա ֆուտբոլ չէ, և նման հրավերի առաջարկը պետք է շատ ավելի լուրջ հիմնավորումներ ունենա, քան «տարածաշրջանային կայունություն, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և այլ ընդհանրական դատողությունները»։ Այս դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի պետական խնդիրներին՝ երկրի անվտանգությանը։ Այստեղ է, որ առաջանում են հստակ պատասխան ենթադրող մի շարք հարցեր.

1.      ի՞նչ ձևաչափով է հայկական կողմը նախատեսում Թուրքիային մասնակից դարձնել ատոմակայանի կառուցման աշխատանքներին,

2.      ի՞նչով է պայմանավորված Թուրքիայի հանդեպ նման վստահությունը,

3.      ի՞նչ կշահի Հայաստանը, եթե հարցի շուրջ Թուրքիայի հետ ձեռքբերվի համաձայնություն,

4.      արդյո՞ք հաշվարկված են տնտեսական և, հատկապես,  քաղաքական ռիսկերը,

5.      ինչպե՞ս կանդրադառնա ատոմակայանի համատեղ կառուցումը արցախյան հիմնախնդրի կարգավորման և ցեղասպանության ճանաչման հարցի վրա,

6.       ինչու՞  է Մոսկվան շահագրգռված թուրքական կողմի հետ համատեղ կառուցել հայկական ատոմակայանը (հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի փետրվարի 12-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ կողմերը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Ռուսաստանը պետք է մասնակցի Անթալիայից 200կմ հեռավորության վրա գտնվելիք ատոմակայանի կառուցմանը)։

Եվ ինչպես սովորաբար լինում է, հայրենի իշխանությունները, առանց լայն հանրային քննարկումների, անում են պետական նշանակության հայտարարություն, այնուհետև տարակուսում են, երբ արժանանում են հիմնավորված քննադատության։ «Ի՞նչ է եղել որ։ Ի վերջո պետք է չէ՞ հարևանների հետ հարաբերությունների նորմալացման եզրեր գտնել»։ Իհարկե պետք է, սակայն ինչպե՞ս  և ինչի՞ հաշվին։ Մասնավորապես Թուրքիայի հետ համատեղ ատոմակայան կառուցելը արդյո՞ք դիվանագիտական հաջողված ժեստ էր, ինչպես որ դա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, կամ ձևական հրավեր, ինչպես, որ դա մեկնաբանեց քաղաքագետ Սերգեը Շաքարյանցը։

Եղան նաև այլ արձագանքներ ու գնահատականներ։ Մինչ այդ, մարտի 13-ին, վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Թուրքիային նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու ոչ մի առաջարկ էլ չի արվել։ Պարզապես տեղի է ունեցել թյուրիմացություն։ Խոսքը գնացել է միայն այն մասին, որ նոր ատոմակայանի բաժնետոմսերը հնարավոր է հանվեն աճուրդի և չի բացառվում, որ դրանք գնեն թուրքական, հունական կամ այլ երկրների կազմակերպություններ։ Իսկ միգուցե՞ վարչապետին բոլորը, այդ թվում նաև թուրքական կողմը, ճիշտ էին հասկացել։ Ըստ մեզ հասած տեղեկության ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին, թե նման տրամաբանությամբ հայրենիքն էլ կվաճառենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր.«փողը ազգություն չի ճանաչում »։

Իսկ ինպիսի՞ն  է այս հարցում քաղաքական ուժերի դիրքորոշումը։

Արմեն Մարտիրոսյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.

-Կարծում եմ վարչապետը իր այս քայլով շարունակել է այն քաղաքականությունը, որը սկսվել է նախագահից՝ երկխոսության քաղաքականություն թուրքական իշխանությունների հետ։ Ընդամենը այդ քաղաքականության շարունակություն. ես այդ այդ կոնտեքստում եմ տեսնում վարչապետի արած հայտարարությունը։ Եթե ելնենք այն տեսանկյունից, որ տարածաշրջանի երկրները պետք է ներգրավված լինեն տնտեսական նախագծերում, ապա կարծում եմ, որ  վարչապետի հայտարարությունը տրամաբանակն էր։ Միաժամանակ պետք է հստակեցվի, թե Թուրքիան ինչպե՞ս պետք է մասնակցի այդ ատոմակայանի շինարարությանը։ Եթե ներդրումների տեսքով է մասնակցելու՝ այստեղ ընդհանրապես արգելք չեմ տեսնում։ 

«7օր» -Իսկ ինչպե՞ս կարող է անդրադառնալ ատոմակայանի համատեղ կառուցումը արցախյան հիմնախնդրի կարգավորման և ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

-Հայաստանի իշխանությունները պնդում են, որ սա բացառապես տնտեսական համագործակցություն է, իսկ տնտեսական զարգացումը իր հետ կարող է դրական լուծումներ բերել։ Կարծում եմ թուրքական կողմի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի աշխատանքներին արցախյան հիմնահարցի վրա չի կարող ազդել, եթե մեր իշխանությունները այդ համագործակցության շրջանակներում ևս մեկ անգամ պնդեն, որ սա բացառապես տնտեսական երկկողմ համգործակցություն է և քաղաքական որևէ շահարկում չի կարող լինել։ Այստեղ Հայաստանի համար վտանգավոր ոչինչ չեմ տեսնում, եթե, այսպես ասած, նախազգուշական առումով քաղաքական քայլերը իրականացվեն։

Էդուարդ Շարմազանով, ԱԺ ՀՀԿ խմբակցություն.

-Նախ ասեմ, որ վարչապետը հստակ նշել էր՝ ատոմակայանի բաժնետոմսերը պետք է ազատ վաճառքի դրվեն, և հնարավոր է, որ այլ, այսպես ասած մասնավոր, կազմակերպությունների կողմից դրանց ձեռքբերմանը մասնակցեն թուրքական, հունական և այլ երկրների կազմակերպություններ։ Կարծում եմ, որ խնդիրը պետք է նայել, թե՛ ազգային անվտանգության ռազմավարության և թե՛ տնտեսական, ներպետական շահերի տեսանկյունից։ Չեմ ուզում միակողմանի եզրակացություն անել և գտնում եմ, որ ինչ որոշում էլ կայացվի՝ առաջինը պետք է հաշվի առնել Հայաստանի շահն ու էներգետիկ անվտանգությունը։ Կարծում եմ, որ ներկայիս կառավարությունն ու վարչապետը իրենց գործունեությամբ ազգային պետական շահերի կրողներն են և հակապետական կամ հակաազգային որոշումներ չեն կայացնի։ Նշեմ նաև, որ մենք դատապարտված ենք մեր հարևանների հետ կողք կողքի ապրելու։ Պատահական չէ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ ներառված է՝ հայկական կողմը կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը և կարծում եմ, որ հարևանների հետ պետք է հաստատել ոչ միայն դիվանագիտական, այլև փոխշահավետ տնտեսական հարաբերություններ։ Բնականաբար, յուրաքանչյուր կողմ այդ հարաբերությունները պետք է դիտարկի իր շահերի տեսանկյունից։ Եվ դա, շատ հստակ գիտակցում են վարչապետն ու Հայաստանի իշխանությունները»։

Արա Նռանյան, ԱԺ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն.

 -Նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցությունը, ընդ որում ցանկացած ձևաչափի, չունի և չի կարող ունենալ որևէ լուրջ հիմնավորում։ Ատոմակայան չունեցող Թուրքիան չի կարող մեզ ներկայանալ որպես տեխնոլոգիայի աղբյուր։ Չկան նաև տնտեսական և, առավել ևս, քաղաքական հիմնավորումներ։ Համոզված եմ, որ ոչ միայն նման ծրագրի իրականացումը, այլ նույնիսկ նման ցանկություն հայտնելը, արդեն մեծագույն կորուստ և նահանջ է մեր դիրքերից։ Սակայն ականատես ենք լինում հին ու պարզագույն հնարքի՝ տարբեր քարոզիչների միջոցով, նույնիսկ աբսուրդային, անընդունելի գաղափարների տարածման և քննարկման միջոցով փորձում են քաղաքացու ականջի համար բնական և սովորական դարձնել նույնիսկ այսպիսի ցանկությունը։ Հետո ստանալով հակահարված՝ նրանք ստիպված են լինում արդարանալ՝  իրենց սխալ հասկանալու բացատրությամբ։ Մեր մոտեցումը հստակ է՝ այստեղ ոչ միայն առկա են պոտենցիալ վտանգներ, այլև ակնհայտ է անմիջական վնասը՝ քաղաքական, տնտեսական, բարոյական։ Նման «նահանջային» մտածողությամբ երբեք չես կառուցի հզոր, լուրջ պետություն։

 «7օր» -Այնուհանդերձ, եթե Թուրքիային արվի ատոմակայնի կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավեր, ինչպիսի՞ն կլինի, որպես կոալիցիոն կառավարության անդամ, ՀԸԴ դիրքորոշումը։

 -Նման քայլեր կատարողը իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն։ Ընդհանրապես լավ կլինի, որ բոլորը հասկանան՝ առանց Հայ Հեղափոխական Դաշնակցության Թուրքիային առնչվող որևէ խնդիր և հարց չպետք է քննարկվի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը