Լրահոս

20.01.2010 21:16


Է. Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը

Ս. թ. հունվարի 20-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջև:

Էդվարդ Նալբանդյանը իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ: Նախարարը նշել է, որ արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհակասելու մասին Սահմանադրական Դատարանի որոշման մեջ նախապայմաններ և հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որևէ առաջընթաց չի նկատվում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար և բացահայտորեն փորձում է  նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն և վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը: 

Հայաստանի արտգործնախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը հունվարի 18-ի ԱԳՆ հայտարարությամբ հրապարակավ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարությունը' իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին և ոգուն և արագ առաջ ընթանալ:

Նախարար Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը' ընթանում է սահմանված կարգով և առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը' սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը'  ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից։

Այս խորագրի վերջին նյութերը